Միայն Թուրքիան կարող է մարտահրավեր նետել Ռուսաստանին Կովկասում, եթե ցանկանա. թուրք քաղաքագետ
Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է մարտահրավեր նետել Ռուսաստանին Կովկասում, եթե ցանկանա։ Գլխավոր հարցն այն է, թե կցանկանա նա արդյոք։ Այս մասին «Հարավային Կովկաս. միտումները եւ հեռանկարները ուկրաինական պատերազմի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ մարտի 20-ին ասել է թուրք քաղաքագետ Մուսթաֆա Այդընը։
«Ասել, թե Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ բարդ են, նշանակում է՝ ոչինչ չասել։ Դրանք շատ-շատ բարդ են։ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ եւ միաժամանակ կարեւոր ռազմական աջակցություն ցուցաբերում Կիեւին»,- ավելացրել է նա։
Նրա գնահատմամբ՝ Թուրքիան «come back» է արել եւ վերադարձել տարածաշրջան 2008-ին Ռուսաստանի ակտիվությունից հետո, Թուրքիան ամրապնդել է իր ներկայությունը տարածաշրջանում եւ ուժեղացրել մրցակցությունը Կովկասում։
«2008-ից հետո տարածաշրջանում քաղաքականությունը փոխել է Ռուսաստանը։ Արեւմտյան ուժերը չեն կարողացել զսպել Ռուսաստանի ագրեսիան 2008 եւ 20147թթ., ինչպես նաեւ Ուկրիանան զավթելու վերջին փորձի ժամանակ։ Ռուսաստանը ցավագին է արձագանքում մերձավոր արտասահմանի անկախ որոշումներին։
Ընդ որում՝ Ռուսաստանը փորձում է կոպիտ ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար՝ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը։ Պուտինի օգտագործած փաստարկները 21-րդ դարից չեն, 17-ից են։ Այդ տրամաբանությամբ Հայաստանը եւս կարող է ասել, որ ունի հին, հարուստ պատմություն։ Եթե թուրքերին հարցնեք, թե ինչ պատմություն են ունեցել, նրանք կասեն, որ սկզբում բոլորը թուրք են եղել։ Նույնը կլինի վրացիների դեպքում։
Կստեղծի՞ արդյոք Ռուսաստանը Հարավային Կովկասում նոր մարտահրավեր։ Կկարողանա՞ն արդյոք տարածաշրջանի երկրները պահպանել իրենց գոյությունը, իրենց պաշտպանական մեխանիզմները»,- ընդգծել է թուրք փորձագետը։