Ֆրենկ Փալոնն անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցին Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ֆրենկ Փալոնը կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցության ընդլայնման և Կովկասում կայունություն ապահովելու ուղղությամբ։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Հաճելի է տեսնել, որ Յենս Ստոլտենբերգը (խմբ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար) Երևանում վերահաստատում է ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջև գործընկերությունը և ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այդ հարաբերություններն ամրապնդելու, Հայաստանի և Արևմուտքի միջև համագործակցությունն ընդլայնելու և Կովկասում կայունություն ապահովելու համար»,- գրել է կոնգրեսականը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում մարտի 17-ին գտնվել է Բաքվում և հանդիպել Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի և Պաշտպանության նախարարի հետ։ Հաջորդ օրը գլխավոր քարտուղարն այցելել է Թբիլիսի՝ հանդիպում ունենալով Վրաստանի վարչապետի և նախագահի հետ։ Տարածաշրջանային այցը եզրափակվել է մարտի 19-ին Հայաստան կատարած այցելությամբ, որի ընթացքում Ստոլտենբերգը հանդիպել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Տեսանյութեր

Լրահոս