Ովքե՞ր չպիտի լինեն նոր իշխանության մեջ. Ռուբեն Մխիթարյան

«Մենք պիտի պարզ նայենք իրար աչքերի մեջ, բոլորին ասենք՝ դու սա արել ես՝ չի ստացվել, սա սխալ ես արել, սա էլ ընդհանրապես չես հասկացել»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց պրոդյուսեր, հանրային գործիչ  Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ովքեր չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանից հետո ձևավորվելիք հաջորդ իշխանության կազմում։

Նրա խոսքով՝ մտածող մարդկանց դժվար է համախմբել, սակայն ամբոխներին համախմբելը հեշտ է, քանի որ նրանք առաջնորդվում են էմոցիաներով՝ բարձր գոռոց, էմոցիաներ ու երգ:

«Նոր եկող ուժը, գաղափարական առումով, մի քանի բան կա, որ պետք է բացառի: Այդ ուժի երևացող մասում չպետք է լինեն մարդիկ, ովքեր երբևիցե կասկածի տակ են դրել մեր լինելիությունը, ասել, որ մեր ժողովուրդն այս ռեգիոնում հազարամյակներով կադաստրի վկայական չի ունեցել, դրա համար էլ մենք այսօր ունենք ոչ թե Հայրենիք, այլ Հայրենիքի մնացորդ: Չպիտի լինեն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ծափահարել են Նիկոլ Փաշինյանի ստախոսությանը, կեղծարարությանը, ֆեյքերի բանակներով մարդկանց տուն-տեղ, ընտանիք, կնիկ, երեխա հայհոյելուն: Չպիտի լինեն նաև այն «փայլուն» մասնագետները, ովքեր էսօր կարող են կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը՝ թե՛ որպես հայ ժողովրդի ողբերգություն, թե՛ որպես իրականում եղած իրադարձություն: Չպիտի լինեն այն մարդիկ, ովքեր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալը շոուի են վերածել: Չմոռանանք, որ կորոնավիրուսի ժամանակ գտան Արտուշ պապիի, ում տարան պենոպլաստից սարքած հուշահամալիրի մոտ ծաղիկ խոնարհելու»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Շարունակելով շարքը՝ նա ասաց, որ նոր եկող ուժի կազմում չպիտի լինեն մարդիկ, ովքեր ապահովել են այն պարտվողական քաղաքականությունը, որը նպաստել է Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը:

Կարդացեք նաև

«Չպիտի լինեն մարդիկ, ովքեր իրենց երգերով, պարերով, կեղծավոր ժպիտներով կոչ են արել անել այս կամ այն քայլը՝ հանուն Նիկոլ Փաշինյանի պատկերացրած 29.800 քկմ-ի կամ Ալմա Աթայի հռչակագրի: Ի վերջո, «չպիտիները» հենց մենք գտանք, ի հայտ են գալու այն մարդիկ, ովքեր պիտի լինեն այնտեղ»,- ասաց նա:

Ռուբեն Մխիթարյանի խոսքով՝ չպիտի լինեն նաև այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր էլեկտորատին հուսախաբ են արել:

«Եկել է ժամանակը, որ այդ մարդիկ հասկանան՝ արել եք՝ չի ստացվել, էլի եք արել՝ էլի չի ստացվել, ուրիշ ձև եք արել՝ էլի չի ստացվել: Ունե՞ք ռեսուրս, նպատակ, պատրաստակամություն, ուրեմն պատրաստ եղեք ապահովել ոչ պակաս կարևոր բեքգրաունդ, որը, վստահաբար, այդ ամենին պետք է գալու.. .Սերնդափոխությունն ամենակարևոր բաների մեջ է: Մենք ինչքան ասենք՝ չկան այդ մարդիկ, քար ենք գցելու նրանց ի հայտ գալու վրա»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս