Պուտինը շնորհավորանքներ է ստացել․ Փաշինյանը չի շտապում շնորհավորել

ՌԴ նախագահական ընտրություններում կանխատեսելի բացարձակ հաղթանակից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է ստացել գործընկեր երկրներից։

ՌԴ պաշտոնական Կրեմլինի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

«Ղեկավարները ջերմորեն շնորհավորել են Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ հատկապես նշելով քաղաքացիների լայն աջակցությունը ներքին և արտաքին քաղաքականության մեջ նրա կուրսին և քվեարկության ընթացքում ընտրողների բարձր մասնակցությունը, և մաղթել հետագա հաջողություններ կառավարության գործունեության մեջ։ Զրույցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդի խնդիրներին և միջազգային օրակարգի որոշ առանցքային թեմաների»,- ասված է ՌԴ պաշտոնական Kremlin.ru-ի հաղորդագրությունում։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նա վստահություն է հայտնել, որ Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Պեկինը և Մոսկվան համապարփակ ռազմավարական համագործակցության ամենամեծ հարևաններն ու գործընկերներն են։

«Չինաստանն իր շնորհավորանքներն է հայտնում այս առնչությամբ»,- ասել է Լին Ցզյանը:

Ուշագրավ է, որ որևէ հաղորդագրությունում հղում չկա Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցին, այսինքն՝ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել, Փաշինյանը չի շտապում շնորհավորել ռուս գործընկերոջը, ինչը լիովին տեղավորվում է ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական վեկտորի շրջանակում։

Հիշեցնենք, որ քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկով` Ռուսաստանի նախօրեի նախագահական ընտրություններում հաղթել է Վլադիմիր Պուտինը՝ հավաքելով ձայների 87,3 տոկոսը։ Սա կլինի նրա հինգերորդ ժամկետը, որը կավարտվի 2030 թվականին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից։

Ըստ նույն աղբյուրի տվյալների՝ Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը: Նախնական տվյալներով՝ այս ընտրություններում ՌԴ նոր շրջաններում Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 88-95 %-ը։ Հեռավար էլեկտրոնային քվեարկությունից օգտված ընտրողների շրջանում ՌԴ գործող նախագահը ստացել է քվեների 87,4%-ը՝ Մոսկվայի ու Կալինինգրադի տվյալները չհաշված։

Տեսանյութեր

Լրահոս