
Պորտուգալիան 100 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

Պորտուգալիան կմիանա Չեխիայի գլխավորած միջազգային նախաձեռնությանը և 100 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային հրետանային արկեր մատակարարելու ծրագրի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Renascensa լրատվամիջոցը:
«Սա զինամթերքի ձեռքբերման համատեղ ծրագիր է, որը գլխավորում է Չեխիան, որին միացած է Պորտուգալիան՝ մի քանի եվրոպական երկրների հետ միասին: Ծրագրի նպատակն է հնարավորինս ավելի մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի, մասնավորապես՝ 155 մմ տրամաչափի զինամթերք մատակարարել», – նշվում է Պորտուգալիայի պաշտպանության նախարար Հելենա Կարեյրաշի հայտարարության մեջ։
Համապատասխան որոշումը հաստատվել է երկրի նախարարների խորհրդի կողմից։
Չեխիայի և Պորտուգալիայի հետ միասին այս ծրագրին մասնակցում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Նիդեռլանդները և Դանիան։
Պորտուգալիայի պաշտպանության նախարարությունը նաև թվարկել է այն ռազմական աջակցությունը, որ մինչ օրս ուղարկել է Ուկրաինային։ Այն ներառում է այդ թվում՝ Leopard տանկեր, զրահափոխադրիչներ, հրետանային զինամթերք, հաուբիցներ, անօդաչու թռչող սարքեր էլեկտրագեներատորներ, դեղամիջոցներ, անհատական հանդերձանք։