Արցախի հայաթափման հետ մենք կապ չունենք, Ձեր մեղադրանքներն ուրիշին ուղղեք. Արարատ Միրզոյան

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ սա երբեք էլ գաղտնիք չի եղել։

«Դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։ Չգիտեմ՝ ով` ոնց, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, բայց հիմա բոլորը կարող են ակնհայտորեն հասկանալ, որ դրանք եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- ասաց Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդմանը, թե Փաշինյանի կառավարությունը պատրաստ է եղել տարածքներ զիջել Ադրբեջանին։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկա իշխանությունները հնարավոր բոլոր ջանքերը գործադրել են, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա, հայերը մնան պատմական բնօրրանում և ունենան որոշակի անվտանգային երաշխիքներ։

«Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որը զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց ԱԳ նախարարը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանի նոր կառավարությունը խոստացել է տարածքները հանձնել Ադրբեջանին։

Տեսանյութեր

Լրահոս