
Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան

Հայաստանի և Կիպրոսի հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների և փոխըմբռնման երկարամյա պատմության վրա։ Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա Երևանում ողջունեց իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը:
«Մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության երկարամյա պատմության վրա։ Նաև բարձր և բարձրագույն մակարդակի շփումները, մեր երկրների տարբեր նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը։
Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում»,- ընդգծեց Միրզոյանը։
Համատեղ ասուլիսի ընթացքում Միրզոյանը նշեց, որ Կիպրոսի ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել գործադիր և օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում աջակցության համար:
«Երախտիքի խոսք եմ հայտնել նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար։ 30 հոգի հնարավորություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում»- եզրափակեց Միրզոյանը։