
ԱՄՆ-ն և Ռուսաստանը նոր անձնակազմ են ուղարկել Միջազգային տիեզերակայան

Ֆլորիդայից մեկնարկած SpaceX ընկերության հրթիռը Միջազգային տիեզերակայան է տարել 3 ամերիկացի և 1 ռուս տիեզերագնացի։
Սա այն քիչ ոլորտներից է, որտեղ ԱՄՆ-ն և Ռուսաստանը շարունակում են սերտ համագործակցությունը՝ չնայած Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։
Տիեզերական պարկուճում գտնվում է 3 տղամարդ և 1 կին տիեզերագնաց։ Նրանց տանող հրթիռը Քենեդիի տիեզերական կենտրոնից մեկնարկել է տեղի ժամանակով մարտի 3-ին, ժամը 22։53-ին (Երևանի ժամանակով՝ մարտի 4-ին, ժամը 7։53-ին)։
Նրանք ունեն 6-ամսյա առաքելություն, որի ընթացքում պետք է նաև աճեցնեն մարդու օրգանների արհեստական կրկնօրինակներ, որպեսզի ցածր ձգողականության պայմաններում ուսումնասիրեն դեգեներատիվ հիվանդությունները, ինչը հնարավոր չէ Երկրի վրա։
Առաքելության ղեկավար Մեթյու Դոմինիկն իր առաջին թռիչքն է կատարում դեպի տիեզերք։ Նրան ուղեկցում են անձնակազմի անդամներ ամերիկուհի Ջենեթ Էպսը և ռուս Ալեքսանդր Գրեբենկինը: Անձնակազմի մյուս անդամը բժիշկ Մայքլ Բարաթն է, որն իր երրորդ այցն է կատարում Միջազգային տիեզերակայան: