Ցուկերբերգին և կնոջը հիացրել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը
Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտի ձեռքի ժամացույցը, որն արժե 1 մլն դոլար, հիացրել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և կնոջը՝ Փրիսցիլա Չանին: Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է Daily Mail-ը:
Ավելի քան 117 մլրդ դոլար կարողությամբ Ցուկերբերգը կնոջ հետ հրավիրված է եղել Անանտ Ամբանիի նախահարսանեկան ճոխ խնջույքին, որը կազմակերպվել է Հնդկաստանում և տևել է երեք օր:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են ամուսիններն ուսումնասիրում 28-ամյա փեսայի ձեռքի ժամացույցը՝ լյուքս դասի Richard Mille ապրանքանիշից:
«Գիտես՝ ես իսկապես երբեք չեմ ցանկացել ժամացույց, բայց երբ սա տեսա, հասկացա՝ ժամացույցները զիլ են», – ասել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Մինչդեռ նրա կինը կատակել է, որ գուցե ինքն էլ ցանկանա դրանից:
«Այս ժամացույցը ֆանտաստիկ է, այնքան զիլ», – ասել է Չանը՝ ուսումնասիրելով այն:
«Գիտեմ՝ արդեն նրան ասել եմ այդ մասին», – արձագանքել է Ցուկերբերգը:
Նշենք, որ RMS-10 Tourbillon Koi Fish մոդելը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և ադամանդներից: