
Ոչ սթափ երիտասարդների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Փետրվարի 23-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է ընդունվել Ալավերդի քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց ավտոտնակում փոսն ընկնելու հետևանքով:
ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում Սանահին Սարահարթ թաղամասի բնակիչ 25-ամյա և 20-ամյա երիտասարդները, լինելով ոչ սթափ վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, 25 տարեկանը ձեռքով խփել է 20 տարեկանին, նա էլ դանակով հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով ծանր վնասվածք։
Քրեական հետախույզների հետագա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 20-ամյա երիտասարդը ներկայացել է Թումանյանի բաժին։ Նա ձերբակալվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։