Իմ ներսի երեխայից ձեր ներսի երեխային
«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիններինն է» (Մատթեոս 19:14):
Մոտալուտ հրաշքի զգացողություն ունեմ։ Ցուրտ ձմեռվա երեկո է, տան բակում եմ, դուրս եմ եկել մաքուր օդ շնչելու, վայելելու օվկիանոսի հոտը, տարվա առաջին ամսվա խաղաղությունը։ Եկած ձյունը՝ մաքրամաքուր։ Լիալուսինը շողում է երկնքում՝ հիշեցնելով արարումի մասին։ Եվ որ մենք բոլորս այս ամբողջ գեղեցկության մի մասն եք, էական չէ՝ Հայաստանում, թե, ինձ նման, ԱՄՆ-ում ապրելիս։ Հենց այդ պահին էլ գիտակցում եմ՝ հրաշքն արդեն պատահել է։ Ինձ անասելի ազատ եմ զգում, ազատագրված։ Բեռներ են ընկել ուսերիցս։ Աճել եմ։ Ցավի մեջ և երջանկության։ Ինքս ինձ հերքելու և ընդունելու արանքում։ Մութի և լույսի մեջ։ Նկատե՞լ եք, թե որքան աննկատ է գալիս հոգևոր աճը, ասես իրական հրաշք լինի և է։ Երբ հասկանում ես, որ մի բարդ խնդիր հաղթահարել ես, մի բան, որ նախկինում անհնար էր թվում՝ իրագործել ես։ Սար ես բարձրացել ասես կամ վերադարձել ես ինքդ քեզ՝ քո սկզբնական վիճակին։ Այն, ինչ սիրելի է քեզ հիմա, սիրելի էր երբ երեխա էիր՝ այնպիսինը, որը հազար անգամ կմտներ Երկնքի արքայություն։
Ինչքանո՞վ ես հիմա կապված այն մարդուն, որը նոր էր լույս աշխարհ եկել։ Երեխային այն, որն ամենահզոր կերպով կրում էր Աստծո մատնահետքը և Նրա արարման տան բույրը տարածում։ Նկատե՞լ եք, որ մարդը ծնվում է հարուստ ու կայացած հոգևոր աշխարհով, ու հետո տարիների հետ կորցնում է այդ աշխարհը՝ մի օր վերադարձնելու հույսով։ Կորցրած Դրախտը՝ ամեն մեկիս հետ ասես առաջին անգամ, Արարումի օրերից ի վեր։
Հիմա ամեն օր փորձում եմ վերադարձնել անմեղությունս, մաքուր թուղթ լինելս։ Մաքրել ինձ։ Տեսնել աշխարհն Աստծո հայացքով։ Փորձառել Դրախտը՝ նորից, թեկուզ կարճ մի վայրկյանով։ Սեր տածել անգամ այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն սիրում ինձ, չեն հիշում, պարսավում են ինձ ու անտեսում, ցավ են պատճառում կամ ցավ կամենում։Ամենասովորական առօրյա կյանքն ապրելու արանքում և զուգահեռ՝ կերակրել հոգևորը։ Որովհետև ինչպես աշխարհում ամեն բան՝ այն ևս սնունդի կարիք ունի։ Իրական ու հագեցնող, որ աճի։ Մեծ դառնա։ Պտուղներ տա։
Մեր գյուղում մի անկյունում փոքրիկ աղոթատեղի էի սարքել, երկու ճյուղ կապել իրար՝ խաչ դարձրել, տանից գտած սրբապատկերը դրել խաչի կողքին։ Հինգ-վեց տարեկան կլինեի՝ պատմում եմ ամուսնուս։ Աշխարհից առանձնանալու իմ տեղն էր՝ պապիկիս տնկած ծառերի տակ, մեր տան քարե պարիսպներին հենված իմ աղոթատեղին։ Ես ապրում էի մի մեծ հրաշալի աշխարհում, որտեղ ամեն ինչ անցնում էր Հոգատարության ափերի միջով։ Խնդրում էի և տրվում էր ինձ։ Բացվում էր իմ առաջ դուռը՝ անգամ չթակած։
Իմ մանկությունում պատահել է նաև վատը, ցավոտը, ինձ հազար անգամ կոտրողը։ Բայց ես ընտրել եմ՝ ինձ հետ կյանքի տարբեր շերտեր տանել միայն բարին։ Այդպես ես ազատում եմ իմ պարտեզը մոլախոտերից։ Այդպես ես ընտրում եմ ծաղկելը, լույսը, հոգին։
Նկատե՞լ եք, որ մարդիկ, անգամ ամենամեծերը երեխա ունեն իրենց մեջ։ Երբեմն այդ երեխան աշխարհից նեղացած մեկն է, և ամեն հարմար առիթի ցատկում է դուրս՝ վրեժ լուծելու։ Այդ երեխային սե՛ր է պետք։ Տվե՛ք այդ սերը՝ թե կարող եք։ Եվ կօգնեք այդ մարդուն։
Կան մարդիկ, որոնք դեռ երեխա հասակից շատ մեծ հոգսեր են վերցրել իրենց ուսերին։ Սովորել ողջ լինելու համար մաքառելու դաժանությանը դեռ շատ վաղուց։ Այդ մարդիկ չեն կարողանում օգնություն խնդրել, մի գործ հանձնել ուրիշի։ Նրանք տանջվում են մեծ-մեծ բեռների տակ։ Թե ուզում եք սեր տալ այդ մարդկանց՝ արեք մի բան՝ առանց հրահանգի սպասելու։ Վերցրեք ու մի լավ բան արեք նրանց համար։
Հավաքեք ժպիտներ։ Աշխարհում անվերջ քանակի մարդիկ մի փոքր սիրո, մի փոքր ջերմության կարիք ունեն միայն։ Երեխա կա ամեն մարդու մեջ։ Եվ մենք մեր պարտեզը խնամելուց զատ միայն մի բան կարող ենք անել՝ ժպիտ նվիրել, սեր, ներողամտություն նվիրել ամեն մարդու մեջ ապրող երեխային։ Կերակրել մարդու մեջ ապրող մանուկին սիրով, որովհետև նրանք հենց դրա կարիքն ունեն։
Կերակրել մե՛ր ներսի երեխային։ Նրան շատ բան հարկավոր չէ՝ ազատություն, որ իր խաղը խաղա, ինքն իրեն ճանաչի։ Սեր, որ չվախենա աշխարհի մեծությունից, դաժանությունից։ Արկած, որ չձանձրանա առօրյայի միապաղաղությունից։ Հոգատարություն, որ իմանա՝ անգամ ընկնելուց հետո իրեն բարձրացնող կլինի։ Ներողամտություն, որ ներողամիտ լինի ինքն իր հետ ու հետո՝ աշխարհի, այլոց։ Վարվել այնպես, ինչպես կուզեինք մեզ հետ վարվեին։ Ամենապարզ, բայց ոսկե կանոնը՝ անխափան գործող, աշխարհը պտտող, ամեն ինչ իր տեղը գցող կանոնը՝ քրիստոնեական, սիրելի։
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ Սամուել Ոսկանյանի
Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ