Ես կարողացա անձնական կիլոգրամներս բարելավել. Սամվել Գասպարյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Սամվել Գասպարյանը Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքը կարևոր քայլ է համարում Օլիմպիական խաղերից առաջ:
«Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել էինք շատ քիչ` մոտ երկու ամիս: Երկու ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Սակայն մինչև հավաքները լուրջ հիվանդացել էի և դրա համար էլ Կատարի Գրան Պրիին չմասնակցեցի: Փառք Աստծո, որ կարողացա շուտ վերականգնվել՝ և դա մարզիչներիս աշխատանքի շնորհիվ: Ես կարողացա անձնական կիլոգրամներս բարելավել»,- Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գասպարյանը:
Հայ ծանրորդի խոսքով` նա պոկում վարժությունում անձնական ռեկորդ սահմանեց, որը չէր արել միջազգային մրցումներում:
«Իսկ հրումում ինձ պետք էր կիլոգրամներ հավաքել, որպեսզի օլիմպիական վարկանիշային միավորներս բարձրանան: Այստեղ չէի եկել ոսկե մեդալի հետևից, այլ եկել էի իմ արդյունքների, իմ վեց մոտեցումների հետևից: Ափսոս, որ մեկը չստացվեց»,- ասաց նա:
Գասպարյանը հավելեց, որ Օլիմպիական խաղեր տանող իր ճանապարհը սկսվել է դեռևս երկու տարի առաջ կայացած աշխարհի առաջնությունից:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում: Մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Ազգային թիմի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 173 կգ, 177 կգ, 180 կգ: Այս վարժությունում Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա երկու մոտեցմամբ բարձրացրեց 211 և 216 կգ: Այս ձևում նաև երկրորդն է: Երկամարտի 396 կգ արդյուքով նա դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր: