
Գերմանիայի կանցլերը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները

Գերմանիայի կանցլերը Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլգամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը կողմերին կոչ է արել հնարավորինս արագ ավարտին հասցնել խաղաղության բանակցությունները:
Այս մասին ասված է Գերմանիայի կառավարության՝ հանդիպման վերաբերյալ հրապարակած հայտարարությունում:
«Եռակողմ հանդիպման ընթացքում կանցլերը կոչ է արել արագ ավարտին հասցնել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունները։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են աջակցել դրան իրենց հնարավորությունների սահմաններում, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերով»,-ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ Գերմանիայի կանցլերը դրական է գնահատել երկու կողմերի՝ տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ միջոցներով և առանց ուժի կիրառման լուծելու վերաբերյալ փետրվարի 17-ին հայտնած հանձնառությունը:
Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպումը կայացել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Դրանից առաջ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ էր ունեցել Շոլցի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: