
Էստոնիայի վարչապետը մտադիր է շարունակել աշխատանքը խորհրդային հուշարձանների քանդման օրենքի շուրջ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել, անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին օրենքի վրա, որը 2023 թվականին արգելափակել էր հանրապետության նախագահ Ալար Կարիսը։
Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից Կայա Կալլասի նկատմամբ հետախուզում է հայտարարվել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման քաղաքականությունն առաջ մղելու պատճառով։
«Այդ օրենքն ընդունվել է Ռիյգիկոգուում (խմբ.՝ Էստոնիայի խորհրդարանում), բայց հետ է ուղարկվել: Կոալիցիայում մենք համաձայնության ենք եկել, որ այն պետք է փոխել, և մենք պետք է շարունակենք աշխատանքը», – մեջբերել է Կալլասի խոսքը ERR պետական հեռուստառադիոընկերության լրատվական հարթակը:
2023 թվականի մարտին Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հրաժարվել էր հավանություն տալ հանրապետության շինարարական օրենսգրքի փոփոխություններին, որոնք թույլ կտային քանդել խորհրդային ժամանակաշրջանի հուշարձանները՝ առաջարկվող դրույթների ձևակերպումների անբավարար հստակության պատճառով:
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի և երկրի պետքարտուղար Տայմար Պետերկոպի, Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի, Լատվիայի արդարադատության, ֆինանսների և հողագործության նախարարների նկատմամբ՝ խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու համար։
2023 թվականի սեպտեմբերին ՌԴ Քննչական կոմիտեն խորհրդային զինվորների հուշարձանների պղծման և ոչնչացման գործերով հեռակա մեղադրանք է առաջադրել ավելի քան 170 օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Էստոնիայի քաղաքացիների։