Պակիստանի երկու առաջատար կուսակցությունները պայմանավորվել են կոալիցիոն կառավարություն ստեղծել
Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի Պակիստանի մուսուլմանական լիգան (ՊՄԼ-Ն) և Պակիստանի ժողովրդական կուսակցությունը (ՊԺԿ), որի առաջնորդներն են նախկին արտգործնախարար Բիլավալ Բհուտո Զարդարին և նախկին նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, որոշել են կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այս մասին հաղորդել է Geo TV լրատվամիջոցը։
«Մենք որոշել ենք կոալիցիոն կառավարություն կազմել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար»,- հայտարարել է Ասիֆ Ալի Զարդարին։
Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ փետրվարի 8-ին անցկացված համընդհանուր ընտրությունների արդյունքներով՝ անկախ թեկնածուները, որոնց հիմնական մասը կապված է նախկին վարչապետ Իմրան Խանի «Շարժում հանուն արդարության» կուսակցության հետ, Ազգային ժողովի մանդատներ են ստացել 101 ընտրատարածքներում, ՊՄԼ-Ն-ն՝ 75-ում, ՊԺԿ-ն` 54-ում։ Փետրվարի 11-ին պակիստանյան ԶԼՄ-ները գրում էին, որ ՊՄԼ-Ն-ն և ՊԺԿ-ն քննարկում են դաշինքի պայմանները, որը նրանց թույլ կտա իշխող կոալիցիա ստեղծել խորհրդարանում և կառավարություն ձևավորել:
Ընտրություններից հետո բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի կողմնակիցները փակել էին մայրուղիները՝ բողոքելով ենթադրյալ ընտրակեղծիքների դեմ։