ՀՀ ԱԳՆ-ն խմբագրո՞ւմ է Ադրբեջանի քննադատած ձևակերպումները․ ՀՀ ԱԳՆ կիսատ «պատասխանը»

ՀՀ ԱԳՆ-ն լիարժեք չի մեկնաբանում, թե ինչո՞ւ են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացրել կամ անհասանելի դարձրել ԼՂ հակամարտությանը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը վերաբերող քառալեզու բաժինները։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան 168.am-ի գրավոր հարցման, պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում:

«Հորդորում ենք տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից»,- նշել է Անի Բադալյանը՝ այս նուրբ ու աղմկահարույց թեմայի վերաբերյալ տալով կիսատ ու խիստ անբավարար պատասխան:

Մեր այլ ճշտող հարցերին, թե ինչո՞ւ չկա բովանդակությունը, խմբագրվո՞ւմ է և ինչո՞ւ հենց հիմա, Անի Բադալյանն ասաց, որ սա է այս պահի միակ պատասխանը։

Ինչպես արդեն գրել էինք, ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի մի շարք բաժիններ անհասանելի են նախօրեից։ Խոսքը, մասնավորապես, այն բաժինների մասին է, որտեղ կային տեղեկություններ Արցախի, Արցախյան հիմնախնդրի մասին։ ՀՀ ԱԳՆ կայքի «Հայաստան» բաժնի «Պատմություն» վերտառությամբ ենթաբաժնում ավանդաբար ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը, որն այժմ անհասանելի է։ Ինչպես նաև անհասանելի է ՀՀ արտաքին քաղաքականություն բաժնի «ԼՂ հիմնախնդիր» ենթաբաժինը։ Այս ենթաբաժիններն ԱԳՆ կայքում ներկայացված էին նաև օտար՝ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, որոնք ևս այսօր դատարկ են։ Ի դեպ, այս պատկերն է միայն այս բաժիններում, ԱԳՆ պաշտոնական կայքը գործում է անխափան, հասանելի են մնացած բոլոր բաժիններն ու ենթաբաժինները։

ԱԳՆ կայքում նման իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ջոշ Կուչերայի հետ զրույցում ավելի քան 30 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրից բացի, վիճահարույց էր համարել նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը։

Ադրբեջանցի դիվանագետը նշել էր, թե պաշտոնական կայքի Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Ուրբաթ օրը մամուլում հայտնված այս հարցազրույցից ընդամենը երեք օր անց ՀՀ ԱԳՆ կայքում անհասանելի դարձան բաժինները, որոնցում տեղադրված էր տեղեկություն, պատմություն՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ՝ ԼՂ հիմնախնդրի մասին։ Իսկ ԱԳՆ պատասխանից կարող ենք ենթադրել, որ այս բաժիններում բովանդակությունը հասանելի կդառնա այն բանից հետո, երբ խմբագրվի և Ադրբեջանի քննադատությանն արժանացած ձևակերպումները վերացվեն։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ Ալիևի բանավոր պահանջի կատարում։

Տեսանյութեր

Լրահոս