ԱԳՆ-ն կատարեց Ալիևի պահանջը․ ԱԳՆ կայքում հասանելի չէ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի մասին

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի մի շարք բաժիններ անհասանելի են նախօրեից։ Խոսքը մասնավորապես այն բաժինների մասին է, որտեղ կային տեղեկություններ Արցախի, Արցախյան հիմնախնդրի մասին։

ՀՀ ԱԳՆ կայքի «Հայաստան» բաժնի «Պատմություն» վերտառությամբ ենթաբաժնում ավանդաբար ներկայացված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը, որն այժմ անհասանելի է։ Ինչպես նաև անհասանելի է ՀՀ արտաքին քաղաքականություն բաժնի «ԼՂ հիմնախնդիր» ենթաբաժինը։

Այս ենթաբաժիններն ԱԳՆ կայքում ներկայացված էին նաև օտար՝ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, որոնք ևս այսօր դատարկ են։

Ի դեպ, այս պատկերն է միայն այս բաժիններում, ԱԳՆ պաշտոնական կայքը գործում է անխափան, հասանելի են մնացած բոլոր բաժիններն ու ենթաբաժինները։

168am-ը պաշտոնական մեկնաբանության համար փորձեց կապ հաստատել ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հետ, սակայն վերջինս անհասանելի էր։ ԱԳՆ-ից պատասխան ստանալուն պես կհրապարակենք։

Սակայն մինչ այդ հիշեցնենք, որ ԱԳՆ կայքում փոփոխությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ջոշ Կուչերայի հետ զրույցում ավելի քան 30 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրից  բացի,  վիճահարույց էր համարել նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը։

Ադրբեջանցի դիվանագետը նշել էր, թե պաշտոնական կայքի Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել էր նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը՝ պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։

«Հայկական կողմն ընդունում է, որ սա է իրականությունը, բայց ոչինչ չի արվում այդ փաստերը մեղմելու համար»,- ասել էր նա։

Ուրբաթ օրը մամուլում հայտնված այս հարցազրույցից ընդամենը երեք օր անց ՀՀ ԱԳՆ կայքում խիստ «պատահականորեն» անհասանելի են դառնում բոլոր այն բաժինները, որոնցում տեղադրված էր տեղեկություն, պատմություն ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի մասին։

Համացանցում թեման լայն և բուռն քննարկումների առարկա է դարձել այն շեշտադրումներով, որ ՀՀ ԱԳՆ-ն կատարել է Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանի պահանջը, այսինքն՝ Ադրբեջանի բանավոր պահանջը։

Տեսանյութեր

Լրահոս