Ո՞րն է համարվում անպտղություն և ինչպե՞ս խուսափել խնդրից․ մասնագետի խորհուրդը
Անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում հղիություն:
Տղամարդու ֆերտիլության ( պտղաբերության) ուսումնասիրման ամենաարդյունավետ և դյուրին մեթոդը սերմնահեղուկի հետազոտությունն է՝ սպերմոգրամման:
Անպտղության պատճառները բազմաթիվ են.
- Վնասակար գործոններ՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր, բարձր ռադիացիա:
- Միզասեռական օրգանների բորբոքային և ինֆեկցիոն հիվանդություններ:
- Սերմնատար ուղիների օբստրուկցիա՝ խցանումներ:
- Վարիկոցելե՝ սերմնալարի երակների լայնացում:
- Սեքսուալ խանգարումներ՝ էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, հետընթաց և դժվարացած սերմնաժայթքում:
- Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ և արատներ:
- Իմունոլոգիական խանգարումներ:
- Հորմոնալ խանգարումներ՝ հատկապես սեռահասունության տարիքում:
- Տղամարդու անպղության կանխարգելման համար անհրաժեշտ է.
- Խուսափել ծխախոտի, թմրանյութերի օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից:
- Պատշաճ իրականացնել պատվաստումները (օրինակ` խոզուկով հիվանդանալը սեռահասուն տարիքում կարող է հանգեցնել անվերադարձ անպտղության):
- Չունենալ անպաշտպան սեռական կապեր, ժամանակին և լիարժեք բուժել սեռական ինֆեկցիաները:
- Խուսափել շոգեբաղնիքից երկար օգտվելուց:
- Ծնողները պետք է ուշադիր լինեն սեռական զարգացման տարիքում տղաների ավելորդ քաշի, մարմնակառուցվածքի նկատմամբ:
Դեղորայքային բուժումը պետք է լինի կոմպլեքսային՝ ուղղված անպտղության բոլոր հնարավոր պատճառական գործոններին՝ հորմոնալ ստատուսի կարգավորում, քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժում, վիտամինոթերապիա, ամինաթթուների և կոֆերմենտների լրացում, ուղեկցող այլ սոմատիկ հիվանդությունների բուժում: