Դատավոր Դոլմազյանի համար ապագա չկա.վստահաբար ՄԻԵԴ-ն Աշոտյանի գործը համարելու է քաղաքական. Զոհրաբյան
«Ես չեմ զլացել և ուսումնասիրել եմ նախորդ իշխանության ժամանակ նույն Գելափի, Ամերիկյան հանրապետական ինստիտուտի, տարբեր տեղական և միջազգային կառույցների անցկացրած սոցիոլոգիական հարցումները, և որևէ իշխանության ժամանակ նման զարհուրելի թիվ, որ հարցվածների մոտ 50 տոկոսն ընդունի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, չի՛ եղել. սա աղետալի թիվ է»,- ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի դատական նիստի մեկնարկից առաջ 168.am-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ պատկերացնում է, եթե նման աղետալի թիվ լիներ նախորդ որևէ իշխանության ժամանակ, միջազգային կառույցները Հայաստանին հնարավոր բոլոր վեհաժողովներից վտարած կլինեին:
«Այո, հասարակության 50 տոկոսն Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ, այնտեղ տրված են նաև Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի և այլոց անունները,- հայտարարեց նա, ապա անդրադարձավ Արմեն Աշոտյանի փաստաբանների կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքին,- Ես սկսեցի լրջորեն մտահոգվել դատավոր Դոլմազյանի առողջության մասին։ Ես հասկացա՝ նրա համար ապագա չկա, քանի որ փաստաբաններն ուղղակիորեն ջախջախել էին կառավարության շենքում գրված և այս դատարանում ընդամենը սղագրված այն տեքստը, որով Արմեն Աշոտյանի խափանման միջոցը չի փոխվում, և որով նա շարունակում է մնալ կալանքի տակ»։
Նաիրա Զոհրաբյանը համոզված է՝ Եվրոպական դատարանն այս գործը համարելու է քաղաքական հետապնդում, և պետությունը ստիպված է լինելու հետագայում տուգանք վճարել:
«Ես առաջարկում եմ օրենքում կատարել փոփոխություն, և այդ տուգանքը գանձել այն դատավորներից, որոնք կայացնում են նման քաղաքական խայտառակ հաշվեհարդարներ»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում