Արդյո՞ք ընտրողները կարող են ընտրություններից առաջ ներկայացված ծրագիրը դիտարկել որպես օֆերտա. Գրիգոր Բեկմեզյան

Գրիգոր Բեկմեզյանը գրում է. «Հարց ունեմ հատկապես իրավաբաններին։ Տեսական հարց է, բոլոր համընկնումները պատահական։

Պատկերացնենք մի իրավիճակ. X երկրի Y քաղաքի ղեկավարի ընտրության ժամանակ, Ճ ուժը նախընտրական ծրագիր է ներկայացնում, որտեղ բացահայտում է այն գործողությունները, որն ուժը կիրականացնի ընտրվելու դեպքում։

Ընտրությունների արդյունքում Ճ ուժը ստանում է առավելագույն ձայներ և ստանձնում քաղաքի ղեկավարությունը։ Ընտրությունից շատ կարճ ժամանակ անց (մեկ-երկու ամիս), Ճ ուժը ընդունում է որոշումներ, որոնք նախապես չէր ներկայացրել իր նախընտրական ծրագրում և որոնց ներկայացումը ակնհայտորեն կազդեր (ենթադրաբար բացասական) ընտրությունների արդյունքների վրա։

Հիմա հարցերը՝

1. Արդյո՞ք ընտրողները կարող են ընտրություններից առաջ ներկայացված ծրագիրը դիտարկել որպես օֆերտա, որի ուժով Ճ քաղաքական ուժը ներկայացրել է քաղաքը կառավարելու իր պայմանները, և ընտրության արդյունքները կդիտվեն որպես օֆերտայի ակցեպտավորում՝ ուստի պայմանագրի կնքում (անկախ նրանից, թե որքան ձայն է ստացել այդ ուժը)։

2. Արդյո՞ք այն հանգամանքը, որ Ճ ուժը մինչև ընտրությունները 5 տարուց ավել կառավարում էր Y քաղաքը, ենթադրում է, որ այդ ուժը պետք է մինչև ընտրությունները արդեն իսկ տեղյակ լիներ թանկացումների կարիք ունեցող ոլորտների մասին (հաշվի առնելով նաև ընտրություններից հետո շատ կարճ ժամկետում այդ որոշումները ընդունելու հանգամանքը) և այդ մասին հայտներ ընտրողներին իր ծրագրով մինչև ընտրությունները։

3. Եթե նախորդ հարցի պատասխանը այո է, ապա արդյո՞ք ընտրողները կարող են ենթադրել, որ քաղաքական ուժը շատ ձայներ հավաքելու նպատակով խաբել է իրենց, իմանալով թանկացումների մասին և թաքցնելով այդ հանգամանքը մինչև ընտրությունները, և խախտել է նաև պայմանագրի պայմանները ծրագրից դուրս այնպիսի որոշումներ ընդունելով, որոնք էական են քաղաքի կառավարման և քաղաքաբնակների համար։

4. Եթե այո, ապա արդյո՞ք ընտրողները կարող են դիմել դատարան և պահանջել պայմանագրի լուծում և վնասների հատուցում»։

Տեսանյութեր

Լրահոս