Բաժիններ՝

Բլինքենը Եգիպտոսում է, որտեղ քննարկում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր հրադադարը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կահիրեում է, որտեղ հանդիպումներ է անցկացնում Եգիպտոսի իշխանությունների հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը պետք է կենտրոնանան Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի հրադադարի վրա՝ գերիների վերադարձի դիմաց։

Բլինքենի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելը հայտարարել է, որ ռազմական գործողությունները պետք է տեղափոխի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաք, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով մասնագետները հայտարարել են, որ Իսրայելի կառավարության արձակած տարհանման հրահանգներն այժմ վերաբերում են Գազայի հատվածի երկու երրորդին, և ամեն օր հազարավոր մարդիկ տեղահանվում են դեպի սահմանային հատվածներ։

Եգիպտոսը հայտարարել է, որ սահմանի մոտ իսրայելական զորքերի տեղակայումը կարող է սպառնալ երկու երկրների միջև 40 տարի առաջ ստորագրված հաշտության համաձայնագրին։ Եգիպտոսը մտավախություն ունի, որ ռազմական գործողությունների տարածումը դեպի Ռաֆահ կստիպի պաղեստինցիներին հատել սահմանը, իսկ Կահիրեն չի ցանկանում նման սցենար թույլ տալ։

Էնթոնի Բլինքենը բազմիցս հայտարարել է, որ պաղեստինցիներին չպետք է ստիպել դուրս գալ Գազայից։

Եգիպտոսից հետո Բլինքենը կմեկնի Կատար, իսկ փետրվարի 5-ին նա Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ։

Ըստ Associated Press-ի՝ Մերձավոր Արևելք իր վերջին ուղևորության ընթացքում Բլինքենը ցանկանում է առաջընթացի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի շուրջ, հասնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման, ինչպես նաև կանխել տարածաշրջանում իրավիճակի սրումը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և ներխուժել Գազայի հատված, որտեղ զոհերի թիվն, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, հասել է 27 585-ի։

ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է 100-ից ավելի պատանդ, որոնց Իսրայելը ցանկանում է փուլ առ փուլ վերադարձնել հնարավոր հրադադարի ընթացքում։ 2023 թ․ նոյեմբերին կողմերի միջև 7-օրյա հրադադարի ժամանակ տեղի էր ունեցել պատանդների և Իսրայելում պահվող պաղեստինցի բանտարկյալների փոխանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս