Մյունխենի համաժողովի կազմակերպիչները հրավեր չեն ուղարկել ՌԴ կառավարության անդամներին
Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներին փետրվարի 16-18-ը կայանալիք ֆորումին մասնակցելու հրավեր չեն ուղարկել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լուրջ պատրաստակամություն չի ցուցաբերում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու հարցում։ «Դրա համար մենք հրավիրել ենք ոչ թե Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, այլ ռուսներին, ովքեր ներկայացնում են ոչ կառավարական հասարակական կազմակերպությունները»,-ասել է Հոյսգենը։
Նա նախապես հստակեցրել է, որ մասնակիցների թվում ռուս պաշտոնյաներ չեն լինի։
Մյունխենի համաժողովը հիմնադրվել է 1962 թվականին գերմանացի հրապարակախոս Էվալդ ֆոն Կլեյստի կողմից՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում: 1999 թվականից դրան սկսեցին մասնակցել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչներն ու զինվորականները, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ։ Ֆորումի շրջանակում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների բազմաթիվ ոչ պաշտոնական և անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության ոլորտում նոր նախաձեռնությունները: