ՀԱՄԱՍ-ը պահանջել է ազատ արձակել 3000 պաղեստինցի բանտարկյալներին
ՀԱՄԱՍ շարժումը պահանջել է Իսրայելի բանտերից ազատ արձակել երեք հազար պաղեստինցի բանտարկյալներին։
Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ միջնորդները Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկում են վեցշաբաթյա զինադադար Գազայի հատվածում։ Նշվում է, որ զինադադարի նախագիծը ենթադրում է նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 36 պատանդների ազատ արձակում, իսկ վերջինս պահանջում է հրադադարի մասին համաձայնագրի նախագիծը երեք փուլի փոխարեն դարձնել չորս փուլ։
Ավելի վաղ Քաթարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ Անսարին հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի մասին միջնորդների առաջարկին, նախնական դրական արձագանք է ստացել նաև ՀԱՄԱՍ-ից։
Իսրայելական հեռուստաալիքներից մեկը հայտնել էր նաև, որ Մոսադը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի ծրագիր, որի առաջին փուլը ներառում է 36 պատանդների ազատ արձակում Գազայում 35-օրյա հրադադարի դիմաց։
Հունվարի վերջին Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Քաթարի ներկայացուցիչները Փարիզում պայմանավորվել էին Գազայի հատվածում պատանդների աստիճանական ազատման նոր գործարքի մասին։ ՀԱՄԱՍ-ը հայտնել էր, որ ստացել է Գազայում զինադադարի առաջարկ, ուսումնասիրում է այն և կպատասխանի։