«Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ ձմեռային շրջանը կրճատվել է, խողովակները կարող են ավելի ցածր խորությամբ անցկացնել ու լրացուցիչ ծախսեր չկատարել». Ազիզյան
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վերամշակվել են «Շինարարական կլիմայաբանություն» ՀՀ շինարարական նորմերը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանի խոսքով՝ շինարարական կլիմայաբանության նորմերն արդեն ավելի քան 10 տարվա վաղեմություն ունեն։
«Շինարարական կլիմայաբանության մեջ ներկայացված են կլիմայական հարաչափեր, այսինքն՝ պարամետրեր, որոնք կիրառվում են շենքերի և շինությունների, ջեռուցման, օդափոխության, օդի լավորակման, ջրամատակարարման համակարգերի նախագծման, ինչպես նաև քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծման և կառուցապատման խնդիրներում: Մեր ունեցած նորմերը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով կլիմայի տաքացման ահագնացող տեմպերը և՛ աշխարհում, և՛ Հայաստանում»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Վերջին 90 տարվա ընթացքում, օդերևութաբանական դիտարկումների համաձայն, ամենատաք չորս տարիները Հայաստանում դիտվել են 2010, 2018, 2021 թվականներին։ Ջերմաստիճանի բարձրացումն առավել արագ է տեղի ունենում ամռան սեզոնին, ինչն արտահայտվում է ջերմային ալիքների և սաստիկ շոգերի հաճախականության զգալի աճով։
«Հայաստանում բացարձակ առավելագույն ջերմաստիճանը դիտվել է 2011 թվականին, Մեղրիում՝ կազմելով 43.7 աստիճան։ Բավական շոգ եղանակ եղել է նաև 2017 և 2018 թվականներին, երբ ամռանն օդի առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում գերազանցել է 42 աստիճանը»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Մասնագետն ընդգծեց, որ էքստրեմալ բարձր ջերմաստիճանային պայմանների իմացությունը շատ կարևոր է շինարարության կազմակերպման համար։ Եվ ահա վերանայված կլիմայաբանության շինարարական նորմերում արտացոլվել են վերջին տասնամյակի եղանակակլիմայական դիտարկումների տվյալները։
«Օրինակ՝ ժամանակի ընթացքում փոխվել է քամու առավելագույն արագությունը, սեզոնին գրանցված առավելագույն կամ նվազագույն ջերմաստիճանը։ Երբ այդ տվյալները, հարաչափերը ճշգրիտ արտացոլվեն համապատասխան նորմերում, կառուցապատողները, դրանց հետևելով, հետագայում կկարողանան խուսափել բարդություններից։ Մեկ այլ տարբերակ ներկայացնեմ։ Օրինակ՝ սովորաբար խողովակաշարերը անցկացվում են ավելի խորը։ Հիմա հանրապետությունում նկատվում է, որ օդի ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված ձմեռային շրջանը կրճատվել է։ Այսինքն՝ խողովակները կարող են ավելի ցածր խորությամբ անցկացնել ու լրացուցիչ ծախսեր չկատարել»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Նորմերի վերանայումը հնարավորություն կտա կառուցապատումից առաջ հաշվարկները կատարել ավելի ճիշտ հետագա խնդիրներից խուսափելու համար։ Տանիքների ձյան բեռնվածություն, քամու առավելագույն արագություն, ինչպես նաև նվազագույն և առավելագույն ջերմաստիճաններ՝ բոլոր առումներով, եթե նշված նորմատիվները կիրառվեն շինարարության մեջ, ապա դա միայն դրական ազդեցություն կունենա որակյալ շինարարական աշխատանքներ կատարելու համար։
Շինանրարական նոր նորմերը հաստատված են ու հրապարակված են իրավական ակտերի միասնական կայքում։