Բաժիններ՝

Ամփոփվել են Երևանի կարևորագույն նշանակության երկու տասնյակից ավելի օբյեկտներիի մատչելիության գնահատման արդյունքները

Ամփոփվել են Երևանի կարևորագույն նշանակության 16 օբյեկտի (28 շենք և շինություն) մատչելիության գնահատման արդյունքները։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի համապատասխան որոշմամբ` նախանշվել էր մատչելիություն ապահովելու նպատակով նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների ցանկը։

«Որոշումն իրենից ներկայացնում է եռափուլ գործընթաց, այսինքն՝ նախագծի նախապատրաստման աշխատանքներ, նախագծման աշխատանքներ և երրորդ փուլում արդեն` բուն շինարարություն։ 2023 թվականին Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվեցին թվով 16 օբյեկտների, 28 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննման ծառայություններ ու անձնագրավորում»,-ներկայացրեց Ադամյանը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ ու ֆինանսավորմամբ հրավիրվել են արտասահմանցի փորձագետներ, ովքեր Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցների հետ միասին ուսումնասիրել են շենք-շինությունները։ Արդյունքում՝ 2023 թվականի տարեվերջին կազմվել և ներկայացվել են տեղացի ու եվրոպական փորձագետների մասնագիտական եզրակացության, զեկույցների փաթեթներ՝ առաջարկներով։

Դրանցում երկայացված են առաջարկներ, թե շենքերում ինչպես հնարավոր կլինի սահմանափակ կարողություններով անձանց համար տեղածարժվելու մատչելիություն ապահովել՝ առանց կոնստրուկտիվ լուրջ փոփոխությունների։

«Շենքերի մեծ մասը՝ գրեթե ամբողջ ծավալը, ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Այսինքն՝ այս խնդիրների լուծումներն արդեն իսկ նախագծման փուլում են։ Միանշանակ, մենք պետք է համաձայնեցնենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ։ Օբյեկտներում այն ամենն, ինչ կուզեինք անել՝ չենք կարողանա,բայց հնարավորինս կդարձնենք մատչելի»,-հավաստիացրեց «Արմենպրես»-ի զրուցակիցը՝ հայտնելով, որ այս տարի արդեն նաև մարզերում կնախաձեռնվեն 25 վարչական շենքի հետազննման, նախապատրաստական աշխատանքներ։

Այն շենքերի համար, որոնց նախապատրաստական փուլն ավարտվել է, կմեկնարկեն նախագծման աշխատանքները, որոնց համար հիմք կհանդիսանան տեխնիկական հետազննության եզրակացություններն ու զեկույցները։

«Առաջնահերթ, նախաձեռնելու ենք բոլոր մասնաշենքերում մուտքի-ելքի մատչելիությունն ապահովվելը, վերելակները, եթե չկան՝ դրանք տեղադրել, իսկ եթե կան՝ նաև լրացուցիչ վերելակ տեղադրել, ինչպես նաև շարժասանդուղքներ, թեքահարթակներ, բազրիքներ, տակտիլային հատակներ, որովհետև հաշմանդամություն ունեցող անձանց մի մասը տեղաշարժման խնդիր ունի, և՛ լսողության, և՛ տեսողության, և՛ հենաշարժային համակարգի խախտումներ ունեցող անձինք ունենք»,-նկատեց Ադամյանն՝ արդյունավետ գնահատելով եվրոպացի փորձագետների առաջարկներն ու դիտարկումները, որոնք վերաբերում են ուսումնասիրված շինությունների ոչ ճշգրիտ նախագծումներին ու ծավալահատակագծային փոփոխություններին։

Իրականացված հետզննման գործընթացի, արձանագրված խնդիրների ու լուծումների վերաբերյալ մանրամասներ ներկայացրեցին նաև այդ աշխատանքների անմիջական մասնակիցներ՝ Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արկադի Բոյաջյանը և Շինարարության քաղաքականության և գնագոյացման բաժնի պետ Գրիգոր Ծատուրյանը՝ այդ համատեքստում անդրադառնալով ամենախնդրահարույց և կարևոր նշանակության շենք-շինություններին։

Մանրամասները տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս