Աշխարհը ԱՄՆ-ի՝ հակաիրանական հարվածի սպասման մեջ. Ի՞նչ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին

Հայաստանի հարևանությամբ շատ ավելի գլոբալ ու ծանր հետևանքներ ունեցող էսկալացիա է հասունանում Իրանի և Միացյալ Նահանգների միջև։

Հունվարի 28-ին Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող բազայում՝ Սիրիայի սահմանի մոտ, ամերիկյան զորքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 3 զինծառայող էր զոհվել, 34-ը վիրավորվել էին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել էր Իրանի կողմից աջակցվող խմբերին։

ԱՄՆ պաշտպանության նախարարության փոխխոսնակ Սաբրինա Սինգհը համոզմունք է հայտնել՝ տեղի ունեցածի հետևում կանգնած է Իրանը, քանի որ, նրա խոսքով, Թեհրանը ֆինանսավորում է Իրաքում և Սիրիայում գործող զինված խմբավորումներին, որոնք հարձակվում են ամերիկյան ուժերի վրա: Պենտագոնի ներկայացուցիչը չի բացառել, որ ռազմաբազայի թիրախավորմանը կարող է ներգրավված լինել Իրաքի իսլամական դիմադրության մաս կազմող «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորումը: «Վաշինգտոնը չի ձգտում պատերազմի և չի ուզում, որ տարածաշրջանային հակամարտությունն ընդլայնվի: Սակայն կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ պաշտպանելու Մերձավոր Արևելքում մեր զինվորականներին»,- վստահեցրել է Սինգհը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ խոստացել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Նրա խոսքով՝ դրա ժամանակը և ձևը կընտրի Վաշինգտոնը:

Իր հերթին՝ Թեհրանը հերքում է ամերիկյան կողմի մեղադրանքները:

ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչի խոսքով՝ Իրանը որևէ կապ չունի Հորդանան-Սիրիա սահմանին ամերիկյան ռազմաբազայի թիրախավորման հետ: Սակայն օրերս հեղինակավոր Politico-ն գրեց, որ ԱՄՆ-ը դիտարկում է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերին հարվածելու հնարավորությունը՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման: «Նախագահ Բայդենը հանձնարարել է իր թիմին մշակել ռազմական տարբերակներ՝ ի պատասխան շաբաթավերջին տեղի ունեցած հարձակման»,- հաղորդել էր պարբերականը: Վկայակոչելով անանուն պաշտոնյաներին՝ լրատվամիջոցը նշել էր, թե Պենտագոնը դիտարկում է մի քանի տարբերակ՝ հարձակումներ Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի, Իրաքում կամ Սիրիայում իրանցի զինվորականների վրա։ Թերթի աղբյուրները ենթադրել են, որ եթե Բայդենը հավանություն տա համապատասխան որոշմանը, ապա, ամենայն հավանականությամբ, «պատասխան միջոցներ» պետք է սպասել «առաջիկա մի քանի օրվա ընթացքում» և մի քանի նպատակակետերի ուղղությամբ։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստացել է «ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում» հակահարված տալ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը հարվածներ իրականացնի Իրանի տարածքում, ապա դրանով կհատի կարմիր գիծը և պատասխան միջոցներ կհրահրի Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների դեմ: Դրա հետևանքով երկու կողմը կներքաշվեն ուղղակի հակամարտության մեջ: Իր հերթին՝ Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից եկող որևէ սպառնալիք անպատասխան չի մնա։

«Մենք լսում ենք այն սպառնալիքները, որ հնչեցնում են ամերիկացի պաշտոնյաները։ Ամերիկացիներն արդեն որոշակիորեն փորձարկել են մեր հնարավոր պատասխանները, մենք ճանաչում ենք միմյանց, ուստի փոխանցել ենք նրանց, որ որևէ սպառնալիք անպատասխան չի մնա», – «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սալամին։

Հայաստանը բարեկամական սերտ հարաբերություններ ունի թե Իրանի Իսլամական Հանրապետության, թե Միացյալ Նահանգների հետ։ ԻԻՀ-ԱՄՆ խորացող այս էսկալացիան մարտահրավեր է նաև Հայաստանի Հանրապետության համար: Չնայած ՀՀ իշխանություններն ակնհայտորեն ՀՀ արտաքին քաղաքական «ճակատագիրը» փորձում են կապել Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, Հարավային Կովկասում Հայաստանի հետ համընկնող ավելի շատ շահեր ունի Իրանը, Իրանը ՀՀ միակ բնական դաշնակիցն է, Իրանն է, որ անընդհատ հանդես է գալիս ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության դիրքերից, ՀՀ անվտանգությունը համարելով սեփական անվտանգությունը։ Եվ բազմաթիվ փորձագետների խոսքով, այսպես կոչված, թյուրքական երազանք Զանգեզուրի միջանցք պրոյեկտը մինչ այժմ չի իրականացվել հենց Իրանի զգուշացումների շնորհիվ։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը մեզ հետ զրույցում նշեց, որ Իրանի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, քանի որ 2020թ. պատերազմից հետո Իրանը Հարավային Կովկասում էական աշխատանք է իրականացնում ի օգուտ ՀՀ-ի ու ՀՀ շահերի։

Նրա խոսքով, մինչ Ռուսաստանն Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողություններով պայմանավորված՝ թուլացրել է իր զգոնությունը, ազդեցությունը, լծակները մի շարք ճակատներում, հակառակն է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ փորձելով կայունություն ապահովել և թույլ չտալ արևմտյան ազդեցության էական խորացում։

Ըստ վերլուծաբանի, ՀՀ շահերից է բխում խորացնել համագործակցությունը հենց Իրանի հետ, աշխարհաքաղաքական գործընթացներում ավելի նախապատվությունը տալով Իրանին։ Սակայն, ընդհանուր առմամբ, վերլուծաբանը նշում է, թե պատկերացում չունի՝ հնարավոր էսկալացիայի ֆոնին ինչ դիրքորոշում կորդեգրեն ՀՀ իշխանությունները։ «Պետք է այնուամենայնիվ ելնել նրանից, որ Հարավային Կովկասում ավելի էական են ոչ այնքան ԱՄՆ, որքան Իրանի դիրքորոշումները, որքան էլ գուցե դա արտասովոր թվա։ Սակայն ՀՀ իշխանությունները, կարծում եմ, գոնե չեզոքություն կպահպանեն, քանի որ ավելի հակված են համագործակցել Արևմուտքի հետ, քան Իրանի, որն ունի խնդրահարույց հարաբերություններ Արևմուտքի հետ և խորացող երկխոսություն Ռուսաստանի հետ»,- ասաց Արեշևը։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա, վերլուծաբանի կարծիքով, ԱՄՆ-ից արդեն հայտարարել են, ուստի պատասխաններ կլինեն։

«Սակայն հակված չեմ կարծել, որ դա կլինի հարված Իրանի տարածքին, քանի որ դա առճակատումը կմտցնի լիովին այլ փուլ, դրանից, ըստ իս, ԱՄՆ-ում խուսափում են հատկապես Իրանից հնչող զգուշացումների ֆոնին»,- ասաց Արեշևը։

Իր հերթին՝ վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ պատերազմ ստանալ Մերձավոր Արևելքում, սակայն մյուս կողմից՝ ԱՄՆ-ը չի կարող իր ռազմաբազայի թիրախավորումն անպատասխան թողնել։ Ըստ նրա, ուստի այստեղ ԱՄՆ-ը պետք է մշակի այնպիսի արձագանք տեղի ունեցածին, որը նոր մարտահրավեր չի ստեղծի իր համար և չի գնա երկարաձգման։

«Իսկ ռեգիոնալ երկրների դերը, կարծում եմ, պետք է լինի այնպիսին, ինչպիսին միշտ  է եղել այս հակամարտությունում՝ չպետք է ակնհայտորեն հակաիրանական և հակաամերիկյան դիրքորոշում բռնել։

Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա ՀՀ-ն մշտապես այդպես է արել և, կարծում եմ՝ այդ դիրքորոշումը պետք է շարունակվի։ Ներկայիս իրավիճակի մարտահրավերն այն է, որ Իրանը այսօր ավելի ու ավելի դեմ է ռեգիոնում արևմտյան ուժերի ներկայությանը և արևմտյան երկրների հետ սերտ հարաբերություններին։ Եվ ցանկացած նման էսկալացիա էլ ավելի է ամրապնդում այս դիրքորոշումները, որը, իհարկե, մարտահրավեր է, ռեգիոնալ ուժերը փորձում են համախմբվել և պայքարել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ազդեցության դեմ, սակայն բարդ է ռեգիոնը «փակել» Արևմուտքի համար, քանի որ այս ամենին զուգահեռ էլ՝ Արևմուտքի ազդեցությունը որոշ բաղադրիչներով աճել է։ Աշխարհում, այդ թվում՝ մեր ռեգիոնում ազդեցությունների վերաբաշխում է ընթանում, որը դեռ շարունակվում է։ Սակայն կան որոշումներ, որոնք փոխել հնարավոր չէ, Վրաստանի կողմնորոշումը,, օրինակ, վստահ եմ, որ չի փոխվի, վրաց ժողովուրդն այդպես է որոշել, ուստի ինչ-որ բաներ փոխվում են, բայց կան նաև իրավիճակներ, որոնք, թերևս, չեն փոխվի»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս