Նիկոլ Փաշինյանը և Մարկետա Պեկարովան մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգությանն հաստատման հեռանկարի շուրջ
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը:
Փաշինյանը կարևորել է Մարկետա Պեկարովայի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստան-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Մարկետա Պեկարովան ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը և նշել, որ դրա զարգացմանը նպաստել է նաև Փաշինյանի՝ 2023 թվականին Չեխիա կատարած պաշտոնական այցը:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք միտված են քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի և համատեղ նախագծերի ընդլայնմանը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ, Փաշինյանն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները: