Փաշինյանի աշխատակազմը 16 միլիոն 755.000 դրամով փորձելու է պարզել պետության և պետականության վերաբերյալ հանրության ընկալումները
Տարբեր ամբիոններից ՀՀ պետական խորհրդանիշների քննադատությունից, Սահմանադրությունը փոխելու կոչերից, «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անունով սահմանափակելու առաջարկներից, հայրենիքը՝ պետությանը, Արագածը՝ Արարատին, ներկան՝ անցյալին, նահատակներին՝ ողջերին, եկեղեցին՝ Աստծուն… հակադրելուց զատ՝ իշխանություններն անցել են իրենց գաղափարներն առաջ մղելու հնարավորությունները դիտարկելու փուլին:
Այսպիսով, ըստ պետգնումների armeps համակարգի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ին 16 միլիոն 755 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտություն իրականացնելու համար:
«Պետության և պետականության վերաբերյալ ընկալումներ». ասել է թե՝ նախապատրաստական աշխատանքներ՝ վերջին շրջանում Փաշինյանի կողմից հնչեցված ու տարբեր չինովնիկների մակարդակով միս ու արյուն ստացած գաղափարները սերմանելու համար:
16 միլիոն 755.000 դրամով «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությունը հետազոտություն է իրականացնելու ՀՀ 10 մարզերում և Երևանում՝ նախ՝ շուրջ 1200 քաղաքացիների շրջանում վիճակագրական հարցում իրականացնելով, ապա նաև՝ 12 ֆոկուս խմբերի հետ քննարկումներով:
Բայց բաց է մնում հարցը, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունները բավարարող այս ծառայությունը մատուցվելու դրամաշնորհի պայմանագրով: