Պետական մակարդակով փաստաբանին ուղղորդում են ստվերային դաշտ. տնտեսությունը պայթել է, եկամուտներ գեներացնելու միակ ձևը մնացել է հարկային դաշտը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5 տոկոսի փոխարեն: Ըստ այդմ կրկնապատկվել է շրջանառությունից առաջացող հարկային բեռը, իսկ արդեն 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Նախագծի համաձայն` փաստաբանական ծառայություն մատուցող սուբյեկտները 2025 թ. հունվարի 1-ից հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս, և որը հաշվարկվում է հարկվող շահույթից` հարկային տարվան վերագրվող համախառն եկամտի և նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) տարբերությունից:

Նախագծով՝ հարկման դաշտում իրավաբանական օգնության տրամադրելուն ուղղված իրավապաշտպան փաստաբանական գործունեությունը հավասարեցվում է խաղատների, շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի գործունեության հետ:

Միաժամանակ, նախագծի կիրառման արդյունքում, փաստորեն, սահմանափակվելու է քաղաքացիներին անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը մասնավոր դաշտում գործող փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների կողմից:

Կարդացեք նաև

Օրենսդրական այս փոփոխությունները, հիշեցնենք, շրջանառության մեջ էին դրվել դեռևս 2019թ.-ին, սակայն այն ժամանակ փաստաբանական համայնքը շատ բուռն հակազդեցություն ցույց տվեց, ու հարցն առժամանակ առկախվեց: Հիմա կրկին այսօրվանից իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման վերջնաժամկետը փետրվարի 13-ն է:

Նախագծի կարգավորումները փաստաբանները խնդրահարույց և անընդունելի են համարում:

Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման դեպքում իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբանների հարկային բեռը ներկայիս համեմատ կտրուկ և անհամաչափ աճելու է, ինչը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի զգալի աճին:

Արդյունքում, նվազելու է իրավաբանական օգնության հասանելիությունը հատկապես քաղաքացիների համար:

Փաստաբանները նաև ակումբի նիստ են հրավիրել, որը տեղի կունենա հունվարի 30-ին, ժամը 18:30-ին՝ Փաստաբանների պալատի մեծ դահլիճում:

168.am-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց՝ խնդիրը միայն փաստաբանները չեն, բոլոր ոլորտներում է թանկացում գնում:

«Ավելացել են համայնքային տուրքերը, տարբեր ծառայությունների համար սահմանվել է շրջանառության հարկ: Անգամ գեղեցկության սրահները, վարսավիրներն են տուժելու: Այնպես չէ, որ սա անսպասելի էր: Տնտեսությունն առհասարակ պայթել է, ու բնական է, որ եկամուտներ գեներացնելու միակ եղանակը մնացել է հարկային դաշտում մանևրները: Մյուս կողմից էլ արտաքին պարտքն է կրկնապատկվել, ռուսների հետ խնդիրներն են խորացել՝ դրանից բխող տնտեսական հետևանքներով, իսկ խնայելու փոխարեն՝ իշխանությունը պարգևավճար է բաժանում շռայլորեն: Բայց դրա փոխարեն, օրինակ, դատարաններն են փակվում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը նկատեց նաև՝ երդմնակալությունների ժամանակ ահռելի գումարներ են ծախսվում, ոստիկանության հաստիքներն են ուռճացվում, թմրամոլ ռեփեր Սնուփ Դոգին են 2.3 միլիարդ դրամի նվեր տալիս՝ չկայացած համերգի տեսքով:

«Ինչ-որ պահից էլ եկամտահարկն են ավելացնելու»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Աշխատանքային իրավունքի հարցերով զբաղվող փաստաբան Գևորգ Պետրոսյանն էլ մեզ ասաց՝ քաղաքացուն են գցում կրակը:

«Բեռը քաղաքացունն է: Սա ուղղված է ժողովրդի դեմ: Այս ապիկար իշխանության հերթական քայլն է ժողովրդի գրպանը մտնելու ուղղությամբ: Փաստաբանը կարող է վստահորդի հետ գալ պայմանավորվածության և, օրինակ, մինչև այս փոփոխությունները խորհրդատվություն տրամադրելու համար վերցնել պայմանական 40 000 դրամ, հիմա՝ այս փոփոխությունից հետո, նույն խորհրդատվության համար փաստաբանը կվերցնի 50 000 դրամ: Այսինքն՝ թվում է՝ սա ուղղված է փաստաբանական համայնքի դեմ, բայց դա միայն առաջին հայացքից: Արդյունքում՝ տուժողը լինելու է այն քաղաքացին, որ «հեղափոխության» կարգախոսներից մեկի համաձայն՝ տուգանքի մատերիալ չէր»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նրա՝ փոփոխության արդյունքում քաղաքացին նույն ծառայությունը ստանալու համար վճարելու է ավելի մեծ գումար:

Ինչ վերաբերում է 2025թ. հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունն անվճար տրամադրելու արգելքին, ապա, ըստ Գևորգ Պետրոսյանի, սա հերթական անխոհեմ քայլերից է, որի արդյունքում պետական բյուջեն ոչ թե շահելու է, այլ տուժելու:

«Այսինքն՝ նման մոտեցումը փաստորեն պետական մակարդակով փաստաբանին ուղղորդում է ստվերային դաշտ, որ փաստաբանը ստիպված, փաստացի իրականացնելով իր գործունեությունը, հնարավորություն է ունենում շրջանցել իր հարկային պարտավորությունները կատարելը: Վատագույն դեպքում փաստաբանը վստահորդի հետ կարող է պայմանավորվել և ծառայությունների վճարովի մատուցման  պայմանագրում գրել սիմվոլիկ գումար և այդ գումարից վճարել շրջանառության բարձր հարկը»,– ասաց Գևորգ Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս