Այս իշխանությունների օրոք է, որ կանոնավոր բանակը նորից վերածվեց տարբեր կամավորական ջոկատների. Սեյրան Օհանյան

Այսօրվա բանակի վիճակը գնահատել դժվար է, այդ հարցը պետք է տալ իշխանություններին, որոնք պարտավոր էին այս տարիների ընթացքում ամբողջ ներուժը ներդնել և բանակի մարտական կարողությունները վերականգնել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Բայց ակնհայտ է, որ նրանք եթե ինչ-որ բան կատարել են, կատարել են ուշացումով, թերացումներով, եթե այդպես չլիներ, ապա 2021-2023 թվականների մարտական գործողությունների ժամանակ կունենայինք հաջողություններ։ Որքէան էլ դժվար լինի, հայկական բանակի զինվորներն ու հրամանատարները բոլոր փուլերում էլ մարտնչել են, և Եռաբլուրը դրա առհավատչյան է։»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե բանակն այն կառույցն է, որ առաջինը և արագ տեմպերով կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։

«Մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից բանակ կազմավորել։ Այս իշխանությունների օրոք է, որ միասնականությունը ոչնչացվեց, կանոնավոր բանակը նորից վերածվեց տարբեր կամավորական ջոկատների և մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որի զգալի մասն ավար էր մարտական գործողությունների ժամանակ, հանձնվեց ադրբեջանցիներին»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս