Հայաստանը և Վրաստանը քննարկում են համատեղ մաքսային հսկողության մոդելները. Փաշինյան
Հայաստանը և Վրաստանը քննարկում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները: Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ համատեղ քննարկումների ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, նոր հաղորդակցությունների տեղծման հնարավորություններին։
«Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը։ Այս համատեքստում երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում է սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները»,– նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ մաքսային հսկողությանն առնչվող գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառույթների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բենռափոխադրումների պարզեցման տեսանկյունից։
Անդրադառնալով նաև Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու հարցին Փաշինյանը շեշտեց` Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին»,– ասաց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար։