Դժկամությա՞մբ ես պահք պահում
Արդեն գիտակցե՞լ եք, որ պահք է: Ես՝ ոչ: Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Դեռ վերջերս շնորհավորում էինք միմյանց Նոր տարվա առթիվ, Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախությունը վերապրում, դեռ ամբողջովին չենք իմաստավորել այդ օրերը և ահա… Մեծ պահքն է: Այս տարի Զատիկը շատ վաղ ենք տոնում… Ասես Եկեղեցին կոչ է անում այս տարի մեկ այլ, արագ ռիթմով ապրելու, օրերը զգոնությամբ անցկացնելու՝ թուլանալու ժամանակ չթողնելով:
Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Որքան էլ տոներ գան, իմաստուն մարդը նա չէ, ով զվարճանում է տոնվող իրադարձությունները մոռանալու աստիճան, այլ նա, ով տոների ավարտից հետո շարունակում է ոչ միայն այդ ուրախությունը պահպանել իր ներսում, այլև ժուժկալումը, պահքը ոչ միայն շուրթերով է շարունակում, այլ իր բոլոր զգացմունքներով ու խոսքերով»: Մշտապես ճգնող քրիստոնյան էական որևէ բան չի փոխում, միայն ռիթմը, արագությունն է ավելացնում՝ աղոթում էր, այժմ էլ է աղոթում, ժուժկալ էր սնունդ ընդունելիս, վերահսկում էր իրեն, այժմ էլ նույնն է անում:
Քառասնօրյա պահոց շրջանը եկավ… Ուրախացե՛ք: Կրկին ասում եմ՝ ուրախացե՛ք: Ուրա՛խ եղեք, որ հասավ Եկեղեցու կյանքի այս հուզիչ շրջանը, որպեսզի այն ոչ միայն խանդաղատանքով, տրտմության ու վշտի մեջ անցկացնենք, այլև ուրախության: Սգում ենք, որովհետև գիտակցում ենք մեր տկարությունը, գիտակցում ենք, թե ինչպիսի մեղավորներ ենք դարձել: Մտորում ենք Քրիստոսի տանջանքների, Նրա խաչի մասին, ուզում ենք մեղավորներին գտնել, մտածում ենք ինքներս մեր մասին և գալիս այն եզրահանգմանը, որ մենք նույնպես կրկնում ենք Նրա խաչելությունը՝ մեր չար գործերով և թուլություններով, այդ ամենից ընկճվում ենք: Բայց միևնույն ժամանակ ուրախալի կանխագիտության մեջ ենք, քանի որ վերջում մեզ Սուրբ Հարությունն է սպասում, երկրպագությունը կենսաբաշխ գերեզմանին, որը կպարզվի՝ դատարկ է, բայց միևնույն ժամանակ նաև լի Քրիստոսով, Նրա շնորհով: Եվ ահա այդ դատարկությունը մեզ աննկարագրելի ու անվերջ ուրախությամբ է լցնում: Ճգնում ենք՝ իմանալով ուր ենք գնում: Գնում ենք հետքերով, որոնցով բոլոր սրբերն են անցել, ողջ Եկեղեցին, մեր բոլոր եղբայրները, գնում ենք արահետով, որի վերջում մեզ Հարություն է սպասվում:
Շուրջս այնպիսի մթնոլորտ եմ ստեղծում, որն անձամբ ինձ կօգնի: Ինչո՞ւմ կօգնի: Նրանում, որպեսզի լցվեմ վերապրած ժամանակահատվածի հիշողություններով, որպեսզի սրտումս Քրիստոսի ներկայության կնիքը մնա, սիրո, ջերմության, քնքշության, սթափության կնիքը:
Եթե այն ամենն, ինչ պահքի ընթացքում անում ենք, Քրիստոսի հանդեպ ունեցած սիրուց չէ, այդ դեպքում մեր պահքն իսկապես տանջանք ու անտանելի վիշտ է դառնում՝ սրտում միայն բարկության և նյարդայնության զգացում առաջացնելով: Եթե Քրիստոսին ընծայած աղոթքի, պահքի, ողորմության, ապաշխարության տեսքով զոհաբերությունը ստիպողաբար է, ապա նպատակիդ չես հասնի: Այդ ամենը պարտադիր չէ այն պատճառով, որ այդպես են թելադրում Եկեղեցու կանոնները: Կանոնները Քրիստոսին սիրող սրտի արտահայտությունն են: Մեր տկարությունը գիտակցելով, հասկանալով, թե սրբերն ինչ էին զգում՝ այդ ամենը կատարելով, փորձում ենք հետևել նրանց, որպեսզի մենք էլ առնչվենք նրանց ոգուն:
Երբ սիրում ես, չես հոգնում այդ անելուց: Երբ սիրում ես, զոհաբերում ես քեզ: Իր երեխաներին, իր ամուսնուն, իր տունը սիրող մայրը հոգնում է գնումներից, խոհանոցից, տարբեր հոգսերից, բայց ուշադիր նրա դեմքին նայի՛ր և միայն ուրախություն ու երջանկություն կտեսնես: Եթե սեր չկա, ապա նույնիսկ եթե մի բաժակ ջուր խնդրես նրանից՝ կծուլանա, չի ցանկանա անել, կհոգնի:
Ահա՛ թե ինչում է Մեծ պահքի գաղտնիքը:
Եթե սիրում ես Քրիստոսին, Նրա սերը զգում ես քո մեջ, ապա ամեն ինչ շատ հեշտ է ստացվում, չես հոգնում, ապրում ես այնպես, ինչպես մեր Տերն է ասում. «Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար»: Պա՞հք ես պահում: Դժկամությա՞մբ ես պահք պահում: Ուրեմն մի՛ պահիր: Եթե տանջվելով, տրտնջալով, ստիպում ես քեզ առանց բարի կամքի, այդ դեպքում իսկապես նաև ֆիզիկապես կհիվանդանաս, քանի որ պահքը զրկանք է, սխրանք: Իսկ երբ սիրով ես պահք պահում, այնժամ Տերը քեզ շատ հոգևոր վիտամիններ է տալիս: Երանելի Պաիսիոս Աթոսացին ասում է. «Պահքի ընթացքում քեզ հասարակ արարած ես զգում, և պարզ միտքդ ու խաղաղ ոգիդ մղում են աղոթքի կանգնելու: Այդ ցանկությունն առաջանում է մարդու՝ Արարչի հանդեպ տածած բոցավառ սիրուց: Պահքը հրաշալի միջոց է այդ սխրանքի համար»:
Կյանքում կան բաներ, որոնք եթե սեփական փորձով չես զգացել, ապա միայն ենթադրություններ կարող ես անել դրանց մասին: Պահք պահողները գիտեն, թե դա ինչ մեծ գործ է: Այս շրջանում Ուղղափառ Եկեղեցին պահք է պահում: Իսկ դո՞ւ: Դու նրան պատկանո՞ւմ ես: Չե՞ս ուզում պատկանել քրիստոնյաների համայնքին, որոնք դա անում են հանու Քրիստոսի սիրո: Ուժերիդ ներածին չափո՛վ պահք պահիր: Բժշկի՛ այցելիր, իմացի՛ր՝ չունես արդյոք առողջական խնդիրներ: Օրգանիզմիդ վնաս հասցնելու վախի պատճառով պահքը մի՛ անտեսիր: Մի՛ թերագնահատիր հոգիդ և մի՛ գերագնահատիր մարմինդ:
Ուժերդ մի՛ թերագնահատիր, քանի որ շատ բան կարող ես անել հանուն Քրիստոսի, Նրա օգնությամբ, իհարկե: Ինչ-որ բաներից եմ զրկվում ես, բայց ուրիշները՝ նույնպես: Դժվարանում եմ սննդի ընտրության հարցում, բայց միայն ես չէ: Քաղցում ենք, որպեսզի հագենանք: Տառապում ենք այս աշխարհի որոշ հաճույքներ ստանալու ծարավից, իսկ Քրիստոս մեզ այլ վայելքներ է առաջարկում: Ոմանք, առաջին անգամ պահք պահելով, մեծ ուրախություն են զգում դրանից, քանի որ բոլորը, միասնաբար, յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով, իհարկե, այդ կերպ իրենց սերն են արտահայտում Քրիստոսին:
Պահքը հիշեցնում է մարդուն, որ նա քրիստոնյա է, հիշեցնում է արգելքի մասին, որ Աստված տվեց դրախտում՝ չուտել «պտղից»: Պտուղն ինքնին գոյաբանական առումով ինչ-որ վատ բան չէր, քանի որ Բարձրյալը մեղավոր ոչինչ չարարեց: Մսի գործածումը մեղք չէ, քանի որ եթե այդպես լիներ, մենք այն ուրիշ ժամանակ չէինք ուտի: Ոչ էլ պանիրը, ձուն կամ ձուկն են մեղք, քանի որ Տերն Ինքն էր դրանք ուտում և օրհնում: Աստված այնպես կամեցավ, որպեսզի Իր հանդեպ մեր սերն ու վստահությունը հենց ժուժկալության միջոցով արտահայտենք: Տերն ուզում է մեզ ուժեղ դարձնել: Այդ նպատակով այդպիսի վարժություն է առաջարկում մեզ, քանի որ դեռ նախքան անկումը մարդուն պահքի պատվիրան էր տրվել, որպեսզի կարողանար իր սերը գործով ապացուցել: Մեր հանդեպ սերը Տերն արտահայտեց խաչի վրա: Նա մեզնից ոչինչ չի պահանջում, քանի որ երբ սիրում ես, ինքդ քեզ ես առաջարկում՝ փոխարենը ոչինչ չպահանջելով:
Գիտեմ մարդկանց, որոնք Բուն Բարեկենդանից մեկ շաբաթ առաջ, կիրակի երեկոյից մինչև չորեքշաբթի օրվա Պատարագը (Литургия преждеосвященных Даров) ոչինչ չեն ուտում: Սուրբ Սկիհին քաղցած մոտենալով և Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդվելով, որոշ ժամանակ սննդի կարիք չեն զգում: Ահա թե իրական Կերակուրը որտեղ է, որը մարդն ընդունում է: Այդ կերակուրը մեզ Տերն Ինքն է տալիս: Այդպիսի մարդը տուն է գնում, հաց ուտում, ջուր խմում, զգում դրանց իրական համը և շնորհակալություն հայտնում Աստծուն Նրա բոլոր պարգևների համար:
Քրիստոսին մեր սրտերից նե՛րս թողենք, որպեսզի փոխի մեր կյանքը, անդադար Նրա անունը կանչե՛նք, Սուրբ Աստվածածնի անունը, սրբերի անունները, և այդժամ պահքը շատ արագ կանցնի: Չենք հասցնի աչքներս թարթել, երբ վրա կհասնի Ավագ Շաբաթը, իսկ հետո նաև՝ Զատիկը: Եվ որքա՜ն լավ կլիներ, եթե հետո ասեինք. «Որքա՜ն արագ թռավ ժամանակը: Սովորեցի սիրել, խոնարհվել, ներել, զղջալ: Քրիստոսինը դարձա: Փա՜ռք Աստծու»:
Բարի սկի՛զբ: Ուրախացե՛ք:
Ծայրագույն վարդապետ Անդրեաս Կոնանոս
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը