ԱԽՔ-ը չի հանրայնացնում «Ռասմուսեն գլոբալի» հետ համագործակցության մանրամասները. Եվրոպական հանձնաժողովը՝ չի թաքցնում

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի նախկին ոչ հաստիքային խորհրդական, ներկայումս՝ «Ռասմուսեն գլոբալ» խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենի Հայաստան այցից, այստեղ արված հայտարարություններից հետո 168.amտեղեկացրել էր՝ Ռասմուսենի համար դա պարզապես աշխատանք է, որի դիմաց նա վճարվում է:

Հենց այս աշխատանքի համատեքստում պետք է դիտարկել նաև ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարի հանդիպումները Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ: Ժամանակին ինքը՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենն էլ էր խոստովանել, որ Հայաստանում է ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի փորձի ամրապնդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունները:

Կարդացեք նաև

Ի դեպ, Եվրոպական հանձնաժողովի Թափանցիկության ռեգիստրում առկա է տեղեկություն «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության ֆինանսական տարվա մասին, որտեղ կազմակերպության հաճախորդների ցանկում ներառված է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Ըստ վերջին՝ 2024 թվականի հունվարի 4-ի թարմացման, Հայաստանի Հանրապետությունը խորհրդատվություն է ստացել ՀՀ-ԵՄ հարաբերությունների թեմատիկայով. այդ ծառայության դիմաց «Ռասմուսեն գլոբալի» եկամուտ է նախանշվել 400-499 հազար եվրո գումար:

Օրերս 168.am-ը դիմել էր Կառավարություն, հետաքրքրվելով՝

-շարունակո՞ւմ է արդյոք ՀՀ կառավարությունն օգտվել «Ռասմուսեն գլոբալ» կազմակերպության խորհրդատվությունից,

-մինչ օրս որքա՞ն գումար է փոխանցել Հայաստանի կառավարությունն այս ընկերությանը խորհրդատվության համար,

-ի՞նչ խորհուրդներ է տվել «Ռասմուսեն գլոբալը» ՀՀ կառավարությանը:

Կառավարությունից մեր գրավոր հարցումը վերահասցեագրել էին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակ. թերևս Հայաստանում հենց այս կառույցի հետ է ուղիղ աշխատում «Ռասմուսեն գլոբալը»:

ԱԽՔ գրասենյակից մեզ մասնավորապես հայտնել են. «Հիմք ընդունելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը ենթակա չէ հրապարակման»:

Նկատենք՝ օրենքի այդ կետը ենթադրում է պետական, բանկային, առևտրային գաղտնիքի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության մասին դիտարկում:

Տեսանյութեր

Լրահոս