Բաժիններ՝

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կարող են 1 ամսով հրադադարի շուրջ համաձայնության հասնել

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մոտեցել են 30-օրյա հրադադարի համաձայնություն ձեռք բերելուն։ Այդ ընթացքում ազատ կարձակվեն ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող իսրայելցի գերիները և Իսրայելում բանտարկված պաղեստինցիները։

Կատարը, ԱՄՆ-ն և Եգիպտոսը փորձում են կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ՀԱՄԱՍ-ը պահանջում էր պատանդների ազատ արձակման դիմաց պատերազմի ավարտ։ Իսրայելն իր հերթին նոր առաջարկ էր ներկայացրել, համաձայն որի ռազմական գործողությունները երկու ամսով պետք է դադարեցվեին՝ Գազայում պահվող բոլոր պատանդների և զոհված պատանդների մարմինների դիմաց։ Բացի այդ, կողմերը նախապես պետք է պայմանավորվեին Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման վերաբերյալ։

The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է սկսել պատանդների ազատման վերաբերյալ նոր համաձայնագրի քննարկումը, ինչը «վկայում է ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման մեջ զգալի առաջընթացի մասին»։

Միևնույն ժամանակ Իսրայելը լայնամասշտաբ գործողություններ է իրականացնում Գազայի հատվածի հարավի գլխավոր քաղաքում՝ Խան Յունիսում, որտեղ ապաստան են գտել հարյուր հազարավոր տեղահանված պաղեստինցիներ։ Իսրայելական տանկերը հունվարի 23-ին շրջափակել են քաղաքն՝ արգելափակելով դեպի Միջերկրական ծովի ափ տանող ճանապարհը, որով պաղեստինցիները կարող էին հասնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ։

24 ժամում Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի 100 զինյալի ոչնչացման մասին։ Իսկ Իսրայելը հունվարի 22-ին ունեցել է ամենամեծ թվով զոհերը՝ 24 զինծառայող, որոնցից 21-ը սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարվածի հետևանքով։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժման հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 240 մարդ՝ գերեվարվել։ ԱՄՆ-ի, Կատարի-ի և Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնության ընթացքում նոյեմբերի վերջին ավելի քան 100 պատանդ վերադարձվել էր, որի դիմաց Իսրայելն ազատ էր արձակել իր մոտ բանտարկված 240 պաղեստինցիների։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում զոհերի թիվն, ըստ պաղեստինյան իշխանությունների, հասել է 25 490-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս