Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են եւ չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումները․ Սահակյան. News.am

Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաների լուսանկարները հատվածական են եւ չեն կարող հերքել Բաքվի խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ադրբեջանական սոցցանցերում վերջերս տարածվող Արցախի ռազմաքաղաքական պաշտոնյաների լուսանկարների՝ բեմադրված լինելուն։

Սահակյանն ընդգծեց, որ լուսանկարները չեն արտացոլում Բաքվի բանտերի իրական պայմանները․

«Այս լուսանկարները ցուցադրական են, արհեստականորեն ստեղծվում են պայմաններ լուսանկարահանումներն անելու համար։ Դրանք չեն արտացոլում իրական պայմանները, բացառապես ունեն քարոզչական նպատակ։ Լուսանկարները շատ տեղային եւ հատվածական են, չեն կարող հերքել խոշտանգումը կամ վատ վերաբերմունքը, օրինակ՝ չենք տեսնում լուսանկարներ եւ կայուն հիմունքներով դրանց հրապարակում գերեվարման վաղ ժամանակաշրջանում, այստեղ կարող ենք մի քանի ամսվա մեջ ունենալ մի քանի լուսանկար, եւ չկա բացատրություն՝ ո՞ր օրն է վերցվել եւ ինչի՞ համար»,- նշեց Սահակյանը։

Նա, հղում անելով, հայրենադարձված գերիների վկայություններին, նշեց․ «Հայրենադարձված գերիները վկայություններ են տվել, որ իրենց դուրս են բերել իրենց հիմնական պահման վայրերից, տարել են լավ կահավորված սենյակներ, անգամ ՄԻՊ-ի ներգրավմամբ լուսանկարներ են արել, իմիտացրել են զրույց, որից հետո իրենց վերադարձրել են հիմնական վայրեր, որտեղ պահման պայմաններն ու վերաբերմունքը ամենեւին չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս ճանապարհով Ադրբեջանը կեղծում է ապացույցներ, որոնք արդեն երեւում են միջազգային դատական գործընթացներում․ «Մյուս կողմից հանրային հետաքրքրություն է առաջացնում սեփական ժողովրդի շրջանակում, ինչը շեղող նշանակություն ունի, օգտագործվում է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, ինչը հատկապես կարեւոր է նախընտրական փուլում։ Մյուս կողմից Ադրբեջանը փորձում է արհեստական քննարկումներ ապահովել նաեւ հայաստանյան հասարակության շրջանակում։ Կարծում եմ՝ երեք նպատակներն էլ քաղաքական են, եւ զուտ տեղավորվում են քարոզչական գործունեության շրջանակում»։

Սահակյանն ասաց, որ Բաքվում պահվող հայ եւ՛ ռազմագերիների, եւ՛ քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 23-ն է․

«Այստեղ ներառված են տարբեր կարգավիճակներ եւ պաշտպանություն ունեցող անձինք, կան եւ՛քաղաքացիական գերիներ, եւ՛ ռազմագերների, եւ՛ քաղաքացիական բանտարկյալներ, ունենք անձինք, որոնք գերեվարվել են դեռեւս 2020 թվականին, եւ ճնշող մեծամասնությունը կապված է 2023 թվականի հարձակման եւ հետագա զարգացումներին եւ այստեղ ունենք պատերազմի հետեւանքով գերեվարվածներ եւ ունենք Ադրբեջանի կողմից ցուցակագրված բարձրաստիճան անձինք, ովքեր քաղաքական դրդապատճառներով են հետաքրքրում Ադրբեջանին եւ քաղբանդարկյալ են, հալածվում են իրենց գործունեության, համոզմունքների եւ այլ օրենքով պաշտպանվող հատկանիշների համար»։

Նա նշեց, որ կան միջպետական գործընթացներ, որոնցում ներառված են 2023 թվականի դեպքերը, թե՛ բարձրաստիճան ղեկավարների, թե՛ գերեվարվածների խնդիրը հանձնառել է Հայաստանի Հանրապետությունը, խոսքը վերաբերում է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» չորրորդ գանգատին․

«Զուգահեռաբար կան անհատական գործեր, որոշ անձանց իրավունքների պաշտպանությունը ես եւ իմ գործընկերներն ենք իրականացնում։ Դրանք գտնվում են քննության փուլում, դեռեւս վաղաժամ է դատական ակտերի կայացման մասին խոսելը, բայց անհապաղ միջոցների շրջանակում ժամանակավոր որոշումներ կայացվել են, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանք անվտանգությունն Ադրբեջանում»։

Սահակյանն ընդգծեց, որ գերեվարվածների խնդիրը, ցավոք, քաղաքականացված է․ «Թերեւս պետությունը կարեւոր դերակատար է քաղաքական գործընթացներում, եւ, ցավոք, գերեվարվածների խնդիրը քաղաքականացված է, Ադրբեջանը որպես լծակ բանակցություններում տարաբնույթ քաղաքական պահանջների բավարարում է ակնկալում։ Այս անձանց ազատ արձակումն էլ ուղիղ կապված է այս պահանջների բավարարման հետ, որոշակի զիջումներ կորզելուց հետո Ադրբեջանը որպես մարդասիրական ժեստ ազատ է արձակում այնտեղ գտնվող հայերին։ Կարծում եմ՝ ավելի մեծ պահանջներ են առաջադրվելու նախկին ղեկավարության ազատ արձակման դիմաց։ Շատ կարեւոր է նաեւ խաղաղության շուրջ բանակցությունները, որին աջակցում են տարբեր կենտրոններ, որոնք տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեն, վերջնարդյունքում մենք կտեսնենք թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Կարծում եմ՝ քաղաքական հարթակում տեղաշարժերի պարագայում միայն Ադրբեջանն ազատ կարձակի այդ անձանց։

Իրավական միջոցները հակակշռող նշանակություն ունեն, դրանք դանդաղ են եւ անմիջական էֆեկտ չեն կարող ունենալ, սակայն հակակշռում են, որովհետեւ Ադրբեջանի համար պարզ է, որ եթե քաղաքական ճանապարհով հարցը չլուծվի եւ ազատ չարձակվեն, միեւնույն է, հարցն ունենալու է իրավական հանգուցալուծումը, դրա համար մանեեւրելու սահմանները Ադրբեջանի սահմանափակ են եւ՛ բովանդակային, եւ՛ ժամանակագրական առումով»։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայերի՝ չհաստատված թվին՝ Սահակյանն ասաց, որ նրանց թիվը 80-ն է․ նրանց՝ այնտեղ գտնվելու մասին կան փաստեր, բայց դեռեւս անհայտ է՝ նրանք ո՞ղջ են, թե՞ ոչ․

«Մենք փաստաթղթավորել ենք, որ հավելյալ 80 հայեր հայտնվել են գերեվարման մեջ, եւ գերեվարման ընթացքում կամ դրան հաջորդող ժամանակահատվածում ողջ են եղել։ Այդ 80 թիվը կապված է 2020 թվականի պատերազմի հետ, սակայն մենք որեւէ տեղեկատվություն չունենք՝ նրանք ո՞ղջ են, թե՞ մահացած։ Այդ է պատճառը, որ օգտագործվում է «բռնի անհետացած» եզրույթը, ինչը նշանակում է, որ նրանց ճակատագրի վերաբերյալ այս պահին կա անորոշություն, նրանք բռնի կերպով դուրս են բերվել իրավական պաշտպանությունից եւ պետք է քննություն տեղի ունենա, որպեսզի կարողանանք պարզել նրանց՝ ողջ, կամ մահացած լինելը։ Այսինքն՝ այդ 80-ը ընդամենը հաստատում է գերեվարված լինելու հանգամանքը, սակայն որեւէ կերպ պատասխան չի տալիս այն հարցին, թե նշված անձինք այս պահին ո՞ղջ են, եթե այո, ապա որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում են պահվում»։

Հարցին՝ Ադրբեջանի վայրագությունների աստիճանը նվազո՞ւմ է, Սահակյանն ասաց․ «Մենք որեւէ կերպ նվազում չենք դիտարկել։ Այստեղ գուցե հռետորաբանական մակարդակում նրանք փորձում են ցուցադրել, որ հայերի եւ ադրբեջանցիների համագոյակցումը հնարավոր է, սակայն երբ լուծում ենք նրանց գործողությունները, ապա այստեղ ինտենսիվության նվազում չկա, դրա լավագույն օրինակներից է բռնի դեպորտացիան, դրանից առաջ նաեւ Արցախի շրջափակումը»։

Տեսանյութեր

Լրահոս