Հավաքագրված Փաշինյանը կազմալուծում է Հայաստանը. Դեմոյան
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան Հայաստանի առջև պահանջ են դրել՝ ձերբազատվել Հայաստանի Սահմանադրության նախաբանում զետեղված Անկախության հռչակագրի երկու հիմնաքարային արձանագրումից՝ Արցախի խնդրին վերաբերող և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի քաղաքականությունից։
Ադրբեջանի և Թուրքիայի այդ պահանջից, ինչպես նաև Ալիևի հունվարյան ասուլիսից հետո, երբ հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանը 100 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն և հայտարարել.
«Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, խոսելով Փաշինյանի կողմից նոր Սահմանադրություն ունենալու ցանկության մասին, նշեց՝ դա նրան տրված հրահանգ է։
«Դա նույն մարդն է ասել, որ մինչ օրս չի գտել Հայաստանի Հանրապետության Կադաստրի վկայականը, իսկ եթե չկա Կադաստրի վկայականը, չկա նաև Հայաստան պետությունը, ուստի հարց՝ իսկ ո՞ր երկրի վարչապետն է ինքը։ Նշեմ, որ ընդդիմությունը գոնե դատաիրավական գործընթաց պետք է սկսեր Փաշինյան Նիկոլի դեմ՝ պարզելու համար, թե որն է եղել կադաստրի վկայական չունենալու նրա հայտարարության հիմքը»,- ասաց Դեմոյանը՝ ընդգծելով՝ ինչպես Փաշինյան-Ալիև զույգի հայտարարությունների համընկնումները, այնպես էլ, օրինակ, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և ադրբեջանցի քննիչի՝ հայ ռազմագերուն քննելիս, նույն գրքի ընթերցանության փաստը, պետք է դառնան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ուսումնասիրության առարկան։
Ըստ Դեմոյանի՝ ի դեմս այսօրվա իշխանության, իրականացվում է երկու ֆունկցիա՝ կա՛մ Հայաստանի մարգինալացում և թուլացում, կա՛մ Հայաստանի վերջնական կազմալուծում, լուծարում։
«Կարծում եմ՝ Փաշինյանը վերջնականապես կազմալուծում է Հայաստանը և դա անում է ինքնալուծարումով կամ մեկ այլ խոշոր կայսերական պետության կազմում Հայաստանը տարրալուծելով։ Փաշինյանը հրահանգներ կատարող է։ Նա ու իր թիմը կոնգլոմերատ են՝ հավաքագրված, որպեսզի իրականացնեն կոնկրետ հանձնարարականներ»,- ասաց Պատմական գիտությունների դոկտորը։
Հայկ Դեմոյանի համոզմամբ՝ դրա ապացույցն է նաև այն, որ մի դեպքում Հայաստանի սուվերեն տարածքը շարունակում է գտնվել Ադրբեջանի ռազմակալման տակ, և որևէ քայլ չի իրականացվում այդ ուղղությամբ, ինչը, ի դեպ, քրեորեն հետապնդելի արարք է, մյուս դեպքում՝ եկել խոսում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության, իսկ ավելի ստույգ՝ նոր Սահմանադրություն ունենալու մասին, ինչը նշանակում է՝ փոքրացող Հայաստանի տարածքի ղեկավար համարվող Փաշինյանն ուղղակիորեն ապամոնտաժում է Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնասյուները։
«Նշեմ, որ համարյա թե չկա տարբերակ, որ Փաշինյանը կարող է Մեղրիով ճանապարհը տալ, բայց դրա վրա պահել Հայաստանի սուվերենությունը»,- ասաց Հայկ Դեմոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։