«Զանգեզուրի միջանցքը» Փաշինյանի գործունեության արդյունք է. նոր ապացույցներ. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Ալիևի տարեսկզբյան հարցազրույցը նոր լիցք հաղորդեց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումներին: Որքան էլ Փաշինյանը և իր թիմը փորձում էին ծածկադմփոց անել այդ խնդիրը, որքան էլ իրենց բնորոշ ստախոսությամբ և ցինիկությամբ հայտարարում էին, որ «հարցը փակված է», Ադրբեջանի նախագահի բավականին բաց և շատ ագրեսիվ խոսքը սառը ցնցուղ էր իշխանական քարոզիչներին դեռևս հավատացողների գլխին:
Հայաստանի տարածքով պանթյուրքական նախագիծը, որով իրար պիտի միանային թյուրքական ծագում ունեցող ժողովուրդները՝ Փոքր Ասիա, Հարավային Կովկաս, Միջին և Կենտրոնական Ասիա ուղեծրով, որպես թյուրք ինտելեկտուալների երազանք՝ նոր չէ և ծնվել է 20-րդ դարի սկզբին, սակայն Հարավային Կովկասի խորհրդայնացումը կանխեց նրա իրականացմանն ուղղված ջանքերը, և «թյուրքական գոտու» երազանքը հայտնվեց կաբինետների փոշոտ դարակներում:
Սովետական Միության փլուզումը շանս էր պանթյուրքական ծրագիրը կյանքի կոչելու համար, սակայն Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի տարած հաղթանակը կրկին որևէ շանս չթողեց համայն աշխարհի թյուրքական ընդհանուր տարածք ստեղծելու համար:
2018թ.-ին Փաշինյանի իշխանազավթումից հետո Թուրքիայի և նրան սատարող գեոպոլիտիկ կենտրոնների համար հնարավորությունների նոր պատուհան բացվեց: Սարքած և ողբերգական 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակից Ալիևը լավագույնս օգտվեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խցկելով դանդաղ ազդեցության սույն ռումբը:
«Նախկինների» վրա սեփական մեղքերը և դավաճանությունները բարդելու փորձերի մեջ Փաշինյանը փորձում էր մտցնել նաև «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը՝ պնդելով, թե Արցախյան կարգավորման բոլոր առաջարկները մշտապես ներառել են բոլոր կոմունիկացիաների բացման հարցը: Սակայն ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության մեջ չի եղել և ոչ մի դրույթ, կամ առիթ, կամ ձևակերպում, որի շնորհիվ Ադրբեջանը և Թուրքիան կարող էին վերագործարկել իրենց վաղեմի երազանքը:
Ասածս ապացուցելու համար ձեզ եմ ներկայացնում Թյուրքական պետությունների կազմակերպության (պանթյուրքական նախագծի միակ ինստիտուցիոնալ մարմինն է) կողմից ստեղծման օրվանից առ այսօր ընդունված փաստաթղթերի վերլուծությունը, որը կրկին միանշանակորեն վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը «Զանգեզուրյան միջանցքի» վերակենդանացնողն է՝ Էրդողանի և Ալիևի հետ միասին:
Թյուրքական պետությունների կազմակերպությունը (ԹՊԿ) ստեղծվել է որպես «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ» 2009 թվականին Նախիջևանի պայմանագրի հիման վրա և դրանից հետո ընդունել է 13 հռչակագիր:
Ի սկզբանե այս կազմակերպության հայտարարություններում հայ-ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ հակամարտության վերաբերյալ անդրադարձը բավականին զուսպ էր և աչքի չէր ընկնում ընդգծված ադրբեջանամետ ձևակերպումներով:
2009 թվականի Նախիջևանի պայմանագրում կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքներին:
2011 թվականին Ալմաթիի հռչակագրում կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:
Թե՛ 2009թ.-ի, թե՛ 2011թ.-ի, թե՛ դրանից հետո՝ մինչև 2021 թվականն ընդունված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք», «օկուպացված տարածքներ» և այլ նմանատիպ ձևակերպումներ չկան: Այսինքն՝ «Սերժի վախտ» անգամ ամենապրոթուրքական կազմակերպության պաշտոնական հայտարարություններում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա:
Այսպես շարունակվում է մինչև 2021 թվականի Ստամբուլյան հռչակագիրը, որտեղ առաջին անգամ պաշտոնապես հայտնվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակում՝ «Կազմակերպությունը ընդգծում է Զանգեզուրի միջանցքը՝ որպես ծագող հնարավորություն՝ խթանելու առավել լավ փոխկապակցվածություն միջկասպյան միջազգային արևելք-արևմուտք միջանցքի շրջանակներում և կոչ է անում անդամ երկրներին աջակցել Ադրբեջանի կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման ուղղությամբ» (կետ 40-րդ):
Դրանից հետո այդ միջանցքի մասին հիշատակումն այլևս դառնում է թյուրքական կազմակերպության կողմից ընդունված փաստաթղթերի անբաժան մասը (Սամարկանդ 2022, Անկարա 2023 և այլն):
Կարող ենք եզրակացնել, որ նախքան 44-օրյա պատերազմն Ադրբեջանին չի հաջողվել այնպես անել, որ ամենաադրբեջանամետ և թուրքամետ այս կազմակերպությունը նույնիսկ իր պաշտոնական հաղորդագրություններում հանդես գա ընդգծված պրոադրբեջանական տեքստերով: Այս կազմակերպությունն ընդգծված ադրբեջանամետ տեքստեր սկսեց ընդունել միայն 44-օրյա պատերազմից հետո, իսկ Ալիևի հորինած «Զանգեզուրի միջանցքը» կազմակերպության պաշտոնական փաստաթղթերում հայտնվեց միայն 2021թ. ամռանը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում Փաշինյանի վերարտադրությունից հետո:
Այսինքն՝ «Զանգեզուրի միջանցքը» զուտ Փաշինյանի «դիվանագիտական ջանքերի» արդյունք է, որը երբևէ չի եղել միջազգային օրակարգի մաս նախքան նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ստորագրումը վերջինիս կողմից: Եթե այս թեման, ինչպես նաև Արցախի հարցում կողմնակալ դիրքորոշումը բացակայել է նույնիսկ թուրքական երկրների կազմակերպության օրակարգից, ակնհայտ է, որ այլ միջազգային կառույցներում մթնոլորտը դժվար առավել ադրբեջանանպաստ լիներ:
Այսինքն՝ միջազգային հանրության կողմից ՀՀ նկատմամբ անհամաչափ ճնշումների, Արցախը վաղուց ադրբեջանական ճանաչելու, Զանգեզուրի միջանցքի և այլնի մասին գործող իշխանությունների հայտարարություններն անհիմն են և միտված են կոծկելու սեփական հանցագործ ձախողումները:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
16.01.2024թ.