«Խաղաղության պայմանագրում» կետ կա, որ Երասխից 2 կմ հատված պիտի հանձնեն Ադրբեջանին. թող հերքեն, ասեն՝ նման քննարկում չի եղել». Կարապետ Պողոսյան
«Իրականում սա շտապողականության արդյունք չէ, այստեղ կարևոր մեսիջներ կան: Ոչ միայն թուրքական կողմում որևէ գործողություն չկա արված, այլև Գյումրի-Կարս երկաթգծի բացման ուղղությամբ ոչինչ արված չէ, անգամ տարածքը մաքրված չէ: Այս և այլ փաստեր հիմք են տալիս մտածել, որ հայ-թուրքական սահմանի բացումը բացարձակապես հետաքրքիր չէ թուրքերին: Իրենց ընդամենը պետք է ճանապարհ Սյունիքով, որ Ադրբեջանի հետ կարողանան ունենալ իրենց երազած ուղիղ միջանցքը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի՝ հայկական հատվածի լայնածավալ շինարարությանն ու անցակետի կահավորմանը և թուրքական կողմից առհասարակ որևէ շարժ չլինելուն:
Ըստ նրա՝ թուրքերին հետաքրքիր են ռազմական գործողություններ, բայց այնպես, ինչպես նրանք Արցախը դարձրեցին պոլիգոն, նույնը Շիրակում չեն կարողանալու անել, որովհետև այստեղ կա ռուսական սահմանապահ ներկայություն:
«Այսինքն՝ սահմանի այն հատվածում, որտեղ ռուսական զորքերն են կանգնած, ռուսները չեն ուզում անցակետեր ունենալ, որովհետև այս կամ այն դեպքում այդ անցակետը լինելու է ռուսների աչքի առաջ, և նաև նրանք են ունենալու որոշակի վերահսկողություն»,- ասաց Կարապետ Պողոսյանը:
Վերջինս նշեց նաև, որ իր ունեցած տեղեկություններով՝ «խաղաղության պայմանագրով» նախատեսվում է, որ հայկական կողմը Երասխի հատվածում Ադրբեջանին է հանձնելու մոտավորապես 2 կիլոմետրանոց հատված:
«Բացի Տիգրանաշենից, այն հատվածում, որտեղ ավարտվում է ռուսական սահմանապահ ներկայությունը, ուր գործարան էր կառուցված, որը ադրբեջանցիներն արգելեցին շահագործել, ու այն տեղափոխեցին, քննարկվում է Ադրբեջանին մոտ 2 կիլոմետրանոց հատված տալ: Դա շրջադարձի հատվածն է, այն ճանապարհը, որ տանում է Նախիջևան: Հիմա թող հերքեն, հայտարարեն ու մեր մտահոգություններն էլ փարատեն, որ Երասխից հատված հանձնելու մասին քննարկումներ չեն ունեցել: Հիմա թե ռազմական գործողություններո՞վ կտան, թե՞ որևէ փաստաթուղթ ստորագրելով, չեմ կարող ասել: Ավելի հակված եմ նրան, որ ինչպես Ջերմուկում եղավ, հանձնումը կլինի ռազմական գործողությունների միջոցով»,- ասաց Կարապետ Պողոսյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Թուրքիային հետաքրքիր է միմիայն այն հատվածներից միջանցք, ճանապարհ ունենալ, որտեղ չկա ռուսական սահմանապահ ներկայություն ու չի վերահսկվելու ռուսական կողմից, որ այդ ճանապարհներով ինչ ուզեն՝ տեղափոխեն և, բնականաբար, առաջին հերթին՝ զենք-զինամթերք:
Կարապետ Պողոսյանը խոսեց նաև Արցախի Խծաբերդի հատվածում գերեվարված շիրակցիների վերջին խմբաքանակի վերադարձի ու նրանց գերեվարվելու հանգամանքների մասին:
«Ես հիմա կասեմ մի բան, ու շատ ուրախ կլինեմ, եթե Պաշտպանության նախարարությունը հերքի: Իմ տեղեկություններով՝ գերեվարվելուց մեկ օր առաջ տղաներին ասել են՝ դուք պետք է իջնեք ներքև: Հիմա եկեք, տվեք ձեր էն ցինկով պատրոնները, նռնակները, այսինքն՝ այն ամենը, ինչ պետք էր դիմադրության համար, հիմա ավտոբուսը կգա, կիջնեք, կգնաք: Տղաները, ինչ եղել է իրենց մոտ, տվել են: Նախապես զինաթափել են: Հետո տղաներին կապ են տվել, ասել են՝ ճանապարհի ցեխը շատ է, ավտոբուսը չի կարողանում բարձրանալ, մի քանի ժամից կգա, կիջնեք, կգնաք տուն»,- ասաց գյումրեցի իրավապաշտպանը՝ հղում կատարելով վերադարձած գերիների պատմածին:
Նա նաև նշեց, որ տղաներն ասել են՝ այդ ընթացքում իրենք ադրբեջանցի զինծառայողներ չեն տեսել:
«Հաջորդ օրը տղաներին կապ են տալիս, որ իջնեն: Հասնելով անտառի եզրին՝ նրանց դիմավորում է թուրքական Յաշման: Փորձում են հետ գնալ անտառ, իրենց մոտի մի քանի փամփուշտով կռիվ տալ, բայց հետևից էլ է Յաշման փակում: Ու այդ պահին ադրբեջանցիներից մեկը հայերեն ասում է՝ մի դիմադրեք, մենք գիտենք, որ ձեզ մոտ զենք չկա: Հանձնվեք»,- տղաների խոսքերը վերարտադրեց իրավապաշտպանը:
Վերջինս նաև ասաց՝ տղաների խոսքով՝ իրենք Բաքվի բանտերի խցերում պահվել են 5 հոգանոց խմբերով և արտաքին աշխարհի հետ կապ չեն ունեցել:
«Երբեմն նրանց տարել են հեռուստացույց դիտելու, և դա այն ժամանակ, երբ Երևանում ընդդիմությունը հանրահավաքներ է արել: Ադրբեջանցիները տղաներին այդ տեսանյութերն են ցուցադրել ու ասել՝ դուք այստեղից դուրս չեք գալու, եթե այդ ցույցերը շարունակվեն: Այսինքն՝ ճիշտ նույն բանն են ասել, ինչ Հայրենիքի փրկության շարժման օրերին իշխանություններն այստեղ ասում էին գերիների ծնողներին: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Երևանում իշխում է թուրք-ադրբեջանական գործակալ»,- ասաց Կարապետ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: