Բաքվում հրաժարվել են ընդունել Բոնոյին
Ադրբեջանական «Minval» գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին, կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։
«Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին», – նշել էր Բոնոն։
Սակայն Բաքու այցի մասին այդպես էլ չի հայտարարվել։
Ըստ «Minval»-ի՝ Բոնոյի Ադրբեջան այցը չի իրականացվել մի քանի պատճառով։
Նախ՝ Բաքուն չի ընդունում տարածաշրջանում ԱՄՆ առաջ քաշած կարգավորման մոտեցումները, երկրորդ՝ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում միակողմանի և անհասկանալի է և Բաքուն ինքն է հրաժարվել ընդունել Բոնոյին, և երրորդ՝ Ադրբեջանում չեն տեսնում ԱՄՆ-ին որպես վստահելի միջնորդի։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բոնոն Հայաստանում էր և հանդիպել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու հեռանկարները։