Բաժիններ՝

Աշխարհում ամեն 10-րդ ընկերությունը կիբեռմիջադեպի է բախվել ստվերային ՏՏ-ի պատճառով

Ընկերությունները կիբեռմիջադեպերի բախվելու ռիսկի են դիմում աշխատակիցների կողմից ստվերային ՏՏ-ի՝ պաշտոնապես չթույլատրված ծրագրերի, սարքերի և այլ թվային գործիքների օգտագործման պատճառով:

Խնդիրը սրվել է հեռավար զբաղվածության ձևաչափի տարածվածության ֆոնին։ «Կասպերսկի» ընկերության հետազոտության համաձայն՝ վերջին երկու տարվա ընթացքում աշխարհում ընկերությունների 77%-ը տուժել է կիբեռմիջադեպերից, ընդ որում՝ դեպքերի 11%-ը տեղի է ունեցել ընկերությունում չթույլատրված թվային գործիքների օգտագործման պատճառով: Ստվերային ՏՏ-ի հետ կապված իրավիճակը բարդանում է նրանով, որ շատ կազմակերպություններում աշխատակիցների համար պատասխանատվություն չի սահմանվում խախտումների համար։

Ընկերությունը պարզաբանում է, որ ստվերային ՏՏ-ն հավելվածներ, սարքեր, հանրային ամպային ծառայություններ և այլ թվային գործիքներ են, որոնք պաշտոնապես թույլատրված չեն ընկերությունում աշխատեցնելու համար: Դրանց օգտագործումը չի վերահսկվում ՏՏ բաժինների և տեղեկատվական անվտանգության ծառայությունների կողմից և չի համապատասխանում անվտանգության քաղաքականություններին։ Դա կարող է հանգեցնել բիզնեսի համար բացասական հետևանքների: Ստվերային ՏՏ-ի օգտագործումից ամենից շատ տուժում է ՏՏ ոլորտը, որին բաժին է ընկել 2022 և 2023 թվականներին դրա հետ կապված կիբեռմիջադեպերի 16%-ը։ Այս խնդրին բախվում են նաև կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունները (13-ական տոկոս)։

Ստվերային ՏՏ-ի վտանգավորությունը հաստատում է Okta-ի վերջին դեպքը: Ընկերության աշխատակիցը Google-ի անձնական հաշիվն օգտագործել է աշխատանքային սարքում, ինչի արդյունքում չարագործները կարողացել են չարտոնված հասանելիություն ստանալ հաճախորդների աջակցության համակարգին: Նրանց հաջողվել է ձեռք գցել սեանսների տոկեններ պարունակող ֆայլերը, որոնք հետագայում կարելի է օգտագործել գրոհների համար։ Okta-ի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը շարունակվել է 20 օր, այն առնչվել է ընկերության 134 հաճախորդի։

Ստվերային ՏՏ կարող են լինել չարտոնված հավելվածները, որոնք տեղադրված են աշխատակիցների աշխատանքային համակարգիչներում, ֆլեշ կրիչները, բջջային հեռախոսները, նոութբուքերը և այլ սարքեր: Բայց լինում են նաև ավելի քիչ ակնհայտ տարբերակներ։ Օրինակ, աշխատակիցներից մեկը կարող է օգտագործել հին սարքավորումը, որը մնացել է ՏՏ ենթակառուցվածքի արդիականացումից կամ վերակազմավորումից հետո: Ժամանակի ընթացքում դրանում կուտակվում են խոցելիություններ, որոնց օգնությամբ չարագործները կարող են ներթափանցել ընկերության ներքին համակարգ։

Բացի այդ, ՏՏ մասնագետները հաճախ ծրագրեր են ստեղծում թիմի աշխատանքը օպտիմալացնելու, այն ավելի արագ և արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ներքին խնդիրները լուծելու համար: Սակայն նրանք միշտ չէ, որ անվտանգության ծառայությունից հայցում են դրանց օգտագործման թույլտվություն, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։

«ՏՏ բաժնի կողմից չհաստատված ծրագրեր, սարքեր և ամպային ծառայություններ օգտագործող աշխատակիցները այսպես են մտածում. եթե նրանք ունեն հուսալի մշակող, ապա դրանք անվտանգ են: Սակայն կողմնակի մատակարարները կիրառում են, այսպես կոչված, «տարանջատված պատասխանատվության» մոդելը։ Այն նշանակում է, որ, սեղմելով «Համաձայն եմ»՝ օգտատերը հաստատում է, որ պարբերաբար կթարմացնի ԾԱ-ն և իր վրա է վերցնում դրա օգտագործման հետ կապված միջադեպերի (ներառյալ՝ կորպորատիվ տվյալների արտահոսքի) պատասխանատվությունը: Այդ պատճառով ընկերություններին անհրաժեշտ են գործիքներ, որոնք թույլ են տալիս վերահսկել ստվերային ՏՏ-ն։ Այս հարցում կարող են օգնել Kaspersky Security բիզնեսի համար և Kaspersky Endpoint Security Cloud լուծումները, որոնք սահմանափակում են անցանկալի հավելվածների, կայքերի և սարքերի օգտագործումը: Բայց ՏԱ ծառայությունները, միևնույն է, պետք է կանոնավոր կերպով սքանավորեն ընկերության ներքին ցանցը՝  չարտոնված և ոչ անվտանգ սարքավորումների, ծառայությունների և ծրագրերի՝ աշխատակիցների կողմից օգտագործումից խուսափելու համար», – մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության վարչության ղեկավար Ալեքսեյ Վովկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս