«Որոշումները դատարանում չեն կայացվում, այլ ամառանոցներում՝ այս կամ այն խմիչքի ներքո». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ պետք է դադարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն անվանել դատական նիստ, այն Նիկոլ Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է։
«Սա իր համար ամենավախենալի ախոյաններից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելն է։ Սա տեսնում են ոչ միայն միջազգային կառույցները, այլև ՀՀ քաղաքացիները՝ ըստ սոցիոլոգիական հարցումների։ Այսօր փաստաբանների թիմը դիմելու է խափանման միջոցի փոփոխության համար։ Առաջ ընկնելով՝ ասեմ, որ, ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես ներկայացված է լայն հատված՝ արտերկրից։ Երաշխավորել են Կոլումբիայի նախկին նախագահը՝ երկրորդ անգամ արդեն, նա նաև Կենտրոնամետ դեմոկրատների միության նախագահն է, որն այն միջազգային կառույցներից էր, ի թիվս ԵԺԿ-ի, որն Արմեն Աշոտյանին ճանաչել էր քաղբանտարկյալ, մի քանի անգամ դրան անդրադարձել էր։
Ի՞նչ մեկնաբանեմ դատավորի ասածները, որն աշխարհի ամենամեծ կառույցներից մեկի ղեկավարի երաշխավորությունը համարում է ոչ բավարար՝ իր ճանաչելու կամ չճանաչելու հիման վրա։
Երկրորդ երաշխավորագիրը ներկայացրել է Վրաստանի նախկին արտգործնախարարը։ Հայաստանից երաշխավորություն են տվել Խոսրով Հարությունյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը և ես»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը սարսափում է Արմեն Աշոտյանից և իր հնչեցրած քննադատությունից, ապա կարծում է, որ որոշումները կայացվում են շատ ավելի հեռվում, ոչ թե դատարանի շենքում։
«Որոշումները կայացվում են հրապարակում կամ էլ ամառանոցներում՝ այս կամ այն խմիչքի ազդեցության ներքո»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում