
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի

Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի, ավելի քան 240 մարդ անհետ կորած է։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Վերջին տվյալներով՝ հզոր երկրաշարժի և դրան հաջորդող հետցնցումների հետևանքով ավելի քան 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որում ներգրավվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ։
Հունվարի 4-ին փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած տարեց կնոջ, որն ավելի քան 72 ժամ անցկացրել էր փլատակներում։ Կան հաղորդումներ, որ դեռ 40 մարդ գտնվում է շենքերի փլատակներում։
Որոնողափրկարարական գործողություններին խոչընդոտում են նաև վնասված ճանապարհները, ինչի պատճառով առնվազն 700 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Տասնյակ հազարավոր տներ զրկվել են էլեկտրական հոսանքից և ջրից։
Ամենամեծ վնասը կրել է Իսիկավա պրեֆեկտուրան. այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, հրդեհները ոչնչացրել են ևս 200 շինություն։ Տեղի իշխանությունները նախազգուշացնում են, որ այդ տվյալները վերջնական չեն, քանի որ շարունակվում է վնասի չափի գնահատումը։