Կարմիր գծերում կայանելը որոշ ժամերի անվճար կլինի

Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար հունվարի 1-ից նոր դրույքաչափերն արդեն գործում են, իսկ որոշ ժամերի անվճար կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նոր դրույքաչափերն այսուհետև կհաշվարկվեն ըստ քաղաքի գոտիավորման։

Վարորդները «Ա» գոտում 1 ժամ կայանելու համար կվճարեն 300 դրամ, 1 օրվա համար` 2000 դրամ, 1 շաբաթվա համար` 5000 դրամ, իսկ 1 ամսվա համար` 18.000 դրամ։ Մեկ տարվա համար Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար վարորդներն արդեն ստիպված են 160.000 դրամ վճարել։

«Տրանսպորտային միջոցի կայանումն, ի դեպ, ժամը 22:00-ից մինչև 09:00 անվճար է, և տեղական տուրք չի գանձվում: Մինչև 15 րոպե կայանելու դեպքում տեղական վճար չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։

«Ա» գոտին ներառում է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները:

«Բ» գոտին ներառում է «Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները:

Երևանի քաղաքապետարանը նաև հայտնում է, որ կայանման վճարումներից ամբողջապես ազատված են էլեկտրամոբիլների վարորդները, որոնք որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա. տվյալներն առկա են համապատասխան բազաներում:

Վճարումից ազատված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձինք, ովքեր պետք է տարեկան մեկ անգամ քաղաքապետարան դիմում ներկայացնեն:

Նշենք, որ «Բ» գոտում կայանելու համար սահմանված դրույքաչափերն այլ են` 1 ժամը` 200 դրամ, 1 օրը` 1000 դրամ, 1 շաբաթը` 2000 դրամ, 1 ամիսը` 4000 դրամ, իսկ տարին` 24 000 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս