Բաժիններ՝

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են բազմավաստակ եկեղեցականի՝ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Հունվարի 7-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Գայանե վանքում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր եկեղեցու կարգը։

Հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի Արիս արքեպիսկոպոսի վերջին օծման արարողությունը, ապա հուղարկավորությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գերաշնորհ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը (ավազանի անունով` Արմենակ) ծնվել է 1934 թ. հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմյան Իսրայելի տարածք): Նախնական կրթությունը ստացել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, ապա` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում:

1952-1957 թթ. ուսանել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ անդամագրվելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությանը:

1964թ. ուսանել է Դարեմի (Անգլիա) համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան:

1964 – 1966 թթ. ուսանել է Փարիզի կաթոլիկ համալսարանում:

• Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություններ

1954 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։
1957 թ. – կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի:
1964թ. մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի:
1972 թ. – ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի:
1974 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2006թ. – արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

• Պաշտոնավարություն

1957թ. – Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս։
1958թ. – հոգևոր հովիվ Ամմանի (Հորդանան) Ս. Թադեոս հայկական եկեղեցու։ Տնօրեն Հեթումյան հայկական դպրոցի:
1966թ. – Լոս Անջելեսի (ԱՄՆ ) Ս. Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:
1972 – 1974թթ. – դասախոս, փոխտեսուչ, ապա` տեսուչ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի։
1975 – 1979թթ. – Կանադայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:
1979 – 1980թթ. – Կալկաթայի հայկական ճեմարանի տեսուչ։
1998 – 1999 թթ. – Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ:
2012թ․ – Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ։
2013թ․ – Երուսաղեմի Հայոց Պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն և մամլո խոսնակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս