Բաժիններ՝

«Կարմիր գոտիավորումը ցավալի է, որն էապես խոչընդոտում է կազմակերպված զբոսաշրջությանը». Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ՝ 2023 թվականը թվային առումով զբոսաշրջության ոլորտի համար դրական է եղել, սակայն կազմակերպված զբոսաշրջությունը դեռ չի մտնում կայուն վերականգնման փուլ:

168.am-ի հետ զրույցում ամփոփելով 2023 թվականին զբոսաշրջության ոլորտում գրանցված ցուցանիշները՝ Մեխակ Ապրեսյանը նշեց.

«2020 թվականի կորոնավիրուսից հետո, 2021 թվականին կարծես թե ոլորտն աստիճանաբար փորձում էր վերականգնվել։ Վիճակագրական տվյալներով, զբոսաշրջային այցելությունների թիվը 2020 թվականի համեմատ կրկնապատկվեց, բայց դեռ շատ հեռու էր 2019 թվականի ցուցանիշից, այդ ժամանակ ունեինք 1 մլն 894 հազար այցելու։ 2020 թվականին հայտնի պատճառներով՝ կորոնավիրուսով պայմանավորված, 80 տոկոսով նվազում եղավ՝ մոտ 360-370 հազար այցելություն էր։ Կրկնապատիկ՝ 800 հազարից ավելի եղավ 2021 թվականին, իսկ 2022 թվականը դրա կրկնակի աճը գրանցեց, բայց կրկին հեռու էր 2019 թվականի ցուցանիշներից։ 2023 թվականի ցուցանիշը միայն 11 ամիսների տվյալներով արդեն 2 մլն ներգնա զբոսաշրջային այցելություն է գրանցել, ինչն արդեն գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը»։

Նրա խոսքով՝ այս տարի նշանավորվեց նաև նրանով, որ զգալիորեն ավելացվեց զբոսաշրջության համար նախատեսված բյուջեն՝ 1 մլրդ դրամ, 2024 թվականինը 1,5 մլրդ դրամ էր։ Միջազգային մի քանի պարբերականներով Հայաստանը ճանաչվում էր ամենագրավիչներից։ Սակայն պարադոքսալն այն է, որ Հայաստանի համար նպատակային շուկա հանդիսացող շատ երկրների արտգործնախարարների կայքերում Հայաստանը ներկայացված է կարմիր գոտիավորում նշումով։

Կարդացեք նաև

«Կարմիր գոտիավորումը ցավալի է, որն էապես խոչընդոտում է կազմակերպված զբոսաշրջությանը։ Տեսեք՝ գումար հատկացնելու և քանակական առումով բավականին հաջողություններ ունենք, սակայն կազմակերպված զբոսաշրջությունը դեռևս կայուն փուլ չի մտնում։ Այս պատճառով էլ Հայաստանը դեռևս մեզ համար նպատակային շուկա հանդիսացող շատ երկրներում ներկայացվում է կարմիր գոտիավորված, այսինքն՝ ոչ այդքան անվտանգ։ Եթե նույնիսկ մեր օտարերկրյա գործընկեր զբոսաշրջային ընկերությունները համաձայնվում են խմբեր ուղարկել, ապա խնդրում են մի զգալի մասը հանել Հայաստանից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, սա լուրջ խնդիր է, որի վրա մենք պետք է աշխատենք»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Հարցին՝ ի՞նչն է զբոսաշրջիկներին բերում Հայաստան, Մեխակ Ապրեսյանը նախ պատասխանեց, թե ինչո՞ւ է գոտիավորումը խոչընդոտ հանդիսանում տուրիզմի համար, քանի որ կազմակերպված զբոսաշրջությունն ավելի պատասխանատու է, զբոսաշրջային ընկերությունները շատ զգուշավորությամբ են մոտենում։

«Կազմակերպված զբոսաշրջությունը, որն ավելի որակյալ ու կարևոր է և մեզ համար անհրաժեշտ՝ չի վերականգնվում։

Այժմ այն զբոսաշրջիկները, որոնք գալիս են Հայաստան, իրենց անհատական որոշմամբ են գալիս։ Ամենակարևոր փաստը, որը նշել եմ, այն է, որ զբոսաշրջիկն իրեն Հայաստանում ընդունված է զգում, ինչը պայմանավորված է հայ ժողովրդի հյուրընկալությամբ ու հյուրասիրությամբ, մարդկային ու անխտրական վերաբերմունքով՝ անկախ ազգությունից, սեռից ու դավանանքից։ Շատ մեծ դերակատարում ունի այստեղ մասնավոր հատվածը, որովհետև բոլորն այստեղից հեռանում են իրենց տպավորությունները գերազանցած։ Իհարկե, պետք է արժանին մատուցել նաև կատարված աշխատանքի համար։

Իհարկե, մենք միջազգային նշանակության լավ միջոցառումներ էլ ունեցանք, որոնք զբոսաշրջիկներ բերեցին Հայաստան, գերազանց փառատոներ։ Այս ամենը՝ ի հեճուկս այդ երկրների արտգործնախարարի, որոնց մոտ Հայաստանը գոտիավորված է, զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան»,- նշեց Մեխակ Ապրեսյանը և հավելեց, որ Հայաստանը պետք է շեշտադրումը դնի նման միջոցառումներ կազմակերպելու վրա։ Նաև դիվանագիտական խողովակներն արդյունավետ օգտագործելով, սփյուռի ներուժն օգտագործելով։ Այստեղ դերակատարում պետք է ունենա նաև սփյուռքի գրասենյակը։

«Մասնավոր-պետական հատված համագործակցելով՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ կարծրատիպը կոտրենք, որ մենք կարմիրով ենք նշված։ Նաև ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կազմակերպված զբոսաշրջությունը վերականգնվի։ Սա է, որը պետք է արդյունավետ նպաստի, մեր ոլորտի քաղաքականության նպատակներին հասնելու հարցը»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը։

Շնորհավորելով համայն հայության Ամանորը, Մեխակ Ապրեսյանն ասաց.

«Ես մեր ժողովրդին համախմբում եմ մաղթում՝ ինքներս մեզ վրա հույս դնելու գիտակցություն, խաղաղություն, տոկունություն և անպայման հավատ, իսկ դա ես ունեմ, որ մենք մեզանով համախմբված՝ ամեն ինչ անելու ենք և առաջընթաց ունենանք»։

Տեսանյութեր

Լրահոս