Ինչո՞ւ դոլարի էժանացումից հետո գազի սակագինն այդպես էլ չիջավ
«Մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,- օրերս ինքնագոհ ազդարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նույն Մհեր Գրիգորյանը, ով ժամանակին, երբ դոլարն արժեզրկվում էր, ասում էր, թե դա անպայման ազդելու է սակագների վրա, դրանք վերանայվելու են։
Հույս էին տալիս սպառողներին, որ դոլարի էժանացումն ինչ-որ պահից հանգեցնելու է գազի, նաև էլեկտրաէներգիայի սակագների իջեցման։
«Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց էս միջակայքում, հնարավո՞ր է արդյոք, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավական մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,- Ազգային ժողովում հարց էր բարձրացնում իշխանությունը ներկայացնող պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավաստիացնում էր, թե սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, և դրամի արժևորումը, բնականաբար, պետք է հաշվի առնվի։
Այդ ժամանակ դոլարի փոխարժեքը 430-435 դրամի սահմաններում էր։ Հետո ավելի իջավ, այսօր էլ 405 դրամի սահմաններում է։ Բայց Մհեր Գրիգորյանն այլևս չի ասում, թե ինչո՞ւ դոլարի այդքան էժանացումից հետո գազի սակագինն այդպես էլ չիջավ։ Փոխարենը՝ ինքնագոհ հայտարարում է, թե չի բարձրանա։
Իսկ ինչո՞ւ պիտի բարձրանար և ոչ թե՝ իջներ, երբ սահմանին գազի գինը մնացել է անփոփոխ, իսկ վերջին մեկուկես տարում դոլարն առնվազն 20 տոկոսով էժանացել է՝ մեծապես նվազեցնելով այդ գործոնի ազդեցությունը ներքին սակագների վրա։
Ժամանակին իբր սպասում էին փոխարժեքի կայունացմանը, իսկ փոխարժեքները ոչ միայն կայունացան, այլև եղածից ավելի շատ նվազեցին՝ էապես մեծացնելով սակագներն իջեցնելու հնարավորությունները։
Հիշեցնենք, որ գազի այսօր գործող սակագների ձևավորման մեջ դոլարի գինը հաշվարկված է 480 դրամով։
Մինչդեռ վերջին, առնվազն, մեկուկես տարում դոլարի գինը 80-90 դրամով դրանից ցածր է։
Դոլարի փոխարժեքը կարևոր գործոն է գազի սակագների ձևավորման գործում։ Երբ դոլարը թանկանում էր, ասում էին՝ հարկադրված ենք սակագները բարձրացնել։ Երբ էժանանում է, այլևս հարկադրված չեն սակագները նվազեցնել։
Եվ ինչո՞ւ պիտի հարկադրված լինեն նվազեցնել, եթե սպառողները վաղուց համակերպվել են այս վիճակին, դադարել են պահանջատեր լինել։ Ոչ միայն հանրային ծառայությունների սակագների առումով, այլև ընդհանրապես։
Նախկինում, երբ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագները մի փոքր ավելացնում էին, սպառողները մեծ աղմուկ էին բարձրացնում։ Հիմա ամեն ինչ թանկացնում են, բայց ձայն հանող չկա։ Իշխանություններն էլ ինչ ուզում՝ անում են։
Պատահական չէ, որ սակագները նվազեցնելու փոխարեն՝ որոշեցին դոլարի արժեզրկման արդյունքում համակարգում առաջացած լրացուցիչ ֆինանսական հնարավորություններն օգտագործել ոչ թե սպառողներին վաճառվող գազի սակագները նվազեցնելու, ֆինանսական բեռը թեթևացնելու, այլ նորակառույց շենքերը, որտեղ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ բնակարաններ են գնել, գազով ապահովելու հարցերը լուծելու համար։
Փոխարժեքը դրական է ազդել գազի սակագների վրա։ Բայց դրա արդյունքում այն չի փոխվի, կմնա անփոփոխ, գումարներն այլ տեղ կուղղվեն։ Սա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ամիսներ առաջ արված խոստովանությունն է։
Ամեն ինչ զավեշտի են վերածել. երբ փոխարժեքով պայմանավորված՝ գները բարձրացնում էին, կարելի էր։ Այնինչ, որ փոխարժեքով պայմանավորված՝ գները պիտի նվազեցնեին, ասում էին, թե դա կարող է շատ ռիսկային լինել։
Ու այդ ռիսկերից խուսափելու պատճառաբանությամբ էլ սակագները չնվազեցրին, չնայած դրա համար բոլոր հիմքերը կային։ Սակագները չնվազեցրին, իսկ դոլարի էժանացման ու սակագների վրա դրա ազդեցության արդյունքում առաջացած հնարավորությունները սեփական հայեցողությամբ ուղղեցին այլ տեղ։
«Փոխարժեքի դրական արդյունքը հնարավորություն է տվել մեզ ներդրումային ծրագիր իրականացնել համակարգում։ Դա կլինի Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի վերականգնումը, որը ենթադրում է Երևան մտնող 4 ուղղություններով բոլոր գազաբաշխիչ կայանների ամբողջությամբ նորերով փոխարինում, ինչպես նաև` նոր խողովակաշարի կառուցում»,- տարվա կեսերին հայտարարում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ փորձելով հիմնավորել սակագները չնվազեցնելու պատճառները։
Վերջին տարիներին Երևանում բազմաթիվ նոր բնակելի շենքեր են կառուցել, ինչի հետևանքով ավելացել ու շարունակում է ավելանալ նաև սպառողների քանակը։ Այդ պայմաններում առկա գազաբաշխման համակարգը դադարել է բավարարել առաջացած լրացուցիչ պահանջարկը։ Ցանցի հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել։ Բայց դա բնակչության սակագները չնվազեցնելու հաշվին անելու փոխարեն, կարող էին այլ միջոցներով անել։ Այլ միջոցներով չարեցին՝ որոշեցին անել սպառողների սակագները չնվազեցնելու հաշվին։
Այդպես էլ որևէ մեկը չհարցրեց, իսկ եթե դոլարը չարժեզրկվեր, ու չառաջանային լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ, ինչի՞ հաշվին պիտի լուծեիք ներքին ցանցի ընդլայնման ու հզորություններն ավելացնելու հարցերը։
Մեկուկես տարուց ավելի է, դոլարի փոխարժեքն էապես ավելի ցածր է, քան հաշվարկված է գազի սակագների ձևավորման մեջ, բայց այդպես էլ սակագինը չնվազեց։ Հիմա էլ ինքնագոհ հայտարարում են, թե չի բարձրանա։
Նվազեցնելու փոխարեն՝ բավարարվել են չբարձրացնելով, ու իրենց թվում է, թե մեծ լավություն են արել սպառողներին։
Եթե նախկինները հանկարծ հանդգնեին իրենց այսպիսի ազատություն տալ, դժվար չէ պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մեծ իրադարձություն կսարքեր։ Այնինչ՝ այսօր նույնիսկ չի էլ հիշում՝ ժամանակին ինչեր էր ասում գազի սակագների ուռճացված լինելու ու սպառողին թալանելու մասին։ Ու քանի որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն դադարել է խոսել գազի սակագների ուռճացված լինելու ու սպառողներին թալանելու մասին, իսկ սպառողները համակերպվել են այս վիճակին, առաջիկայում բնակչությունը կշարունակի նույնքան բարձր գին վճարել օգտագործած գազի դիմաց, որքան վճարում էր վերջին թանկացումից հետո, երբ Հանձնաժողովը որոշեց սակագինը 139-ից դարձնել 143,7 դրամ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ