Բաժիններ՝

Ամառային անվադողերով երթևեկող բեռնատարները շղթաներ չեն անցկացնում անվադողերին՝ նպաստելով վթարային իրավիճակների

Հանրապետության տարածքում տեղացած ձյան պատճառով վերջին օրերին հատկապես մայրուղիներում մեծ խցանումներ են առաջանում: Որոշ հատվածներում՝ տեսանելիության պատճառով, մյուսում՝ ճանապարհների ո՛չ պատշաճ մաքրման, իսկ մյուսում՝ ո՛չ ձմեռային անվադողերով երթևեկելու:

Արագածոտնի մարզի Գեղարոտ ու Ծիլքար համայնքների մոտով անցնող գլխավոր մայրուղու ճանապարհահատվածին երեկ տեսանելիության խնդիր էր եղել: Ճանապարհի այդ հատվածում խցանվել էր մոտ 150 մարդատար ու բեռնատար մեքենա:

ՀՀ ՆԳՆ ՓԾ հրապարակած լուսանկարներից երևում էր, որ բքի պատճառով ձյունն ամբողջությամբ փակել էր մայրուղին: Իսկ մառախուղի ու սառույցի պայմաններում էլ այդ ճանապարհներով բեռնատարները երթևեկում են ամառային անվադողերով:

Կարդացեք նաև

«Ֆուռերի անիվները կապրոն են, ռեզին չեն: Իսկ այդ խցանման հատվածում ճանապարհը բարձրանում է: Այդպիսի պայմաններում երթևեկելը և՛ բարդ է, և՛ բավականին վտանգավոր: Այդպիսի մի մեքենա էլ այդտեղ կանգնի՝ մյուսներն այլևս չեն կարողանում երթևեկել, մանավանդ այդ բքին: Այդ մեքենաները հիմնականում սեզոնային մեքենաներ են ու ձմեռային անվադողեր չեն դնում: Լավագույն դեպքում կարող էին շղթաներ անցկացնել մեքենաների անվադողերին, ինչը, ինչպես տեսանք, չէին արել»,- ասաց Գեղարոտ գյուղի վարչական ղեկավար Սմբատ Բայրախթարյանը:

Այդուհանդերձ, ՀՀ ՆԳՆ ՓԾ հրապարակած լուսանկարներից երևում էր, որ նաև բքի պատճառով այդ ճանապարհահատվածը ձնապատ էր:

Գեղարոտի համայնքապետի խոսքով, թեև ճանապարհի որոշ հատվածներ ավազապատվում են, ամբողջ ճանապարհն ավազապատել հնարավոր չէ:

«Դե, որտեղ ավազ չի եղել, բուքսավատ է արել ու կանգնել է մեքենան: Երկու մետրի վրա էլ ավազ չլինի՝ մեքենան չի կարողանա երթևեկել»,- ասաց մեր զրուցակիցը:

Սմբատ Բայրախթարյանի խոսքով՝ այդուհանդերձ, մարդատար մեքենաների անցանելիության առումով որևէ խնդիր չկա: Երթևեկությունը նորմալ ընթանում է: Այսօր էլ, ըստ նրա, եղանակը պարզվել է, ճանապարհի այդ հատվածում ձյունը գրեթե ամբողջությամբ հալվել է:

Նույն տարածքում գտնվող մեկ այլ գյուղի՝ Ծիլքարի վարչական ղեկավար Հովհաննես Մելքոնյանի խոսքով էլ, սակայն, ճանապարհի այս հատվածում ձնաբքեր հաճախակի են լինում: Իսկ տեղումներից ի վեր Արագածոտնի մարզի ճանապարհահատվածում սա արդեն երկրորդ խցանման դեպքն էր:

«Դե, մեր հատվածում ճանապարհները երկու կողմից բարձրացող են: Այդ պատճառով էլ հենց մեզ մոտ է այդպես լինում: Սրանից առաջ մի փոքր այլ հատվածում էր խցանում՝ Սպիտակի ոլորանների հատվածում»,- ասաց Ծիլքար գյուղի վարչական ղեկավարը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս