Թրամփը ոգևորվա՞ծ է TRIPP-ով․ ի՞նչ սպասել ԱՄՆ փոխնախագահի` Երևան ու Բաքու ռեգիոնալ այցից

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»,- այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հաստատելով ավելի վաղ հայաստանյան փորձագիտական համայնքի տարածած այս տեղեկությունը։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները, և ավելին՝ Ադրբեջանին»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն այս մասին գրել է օրերս Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում իր նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» հիմնադրումից հետո: Ինչպես հայտնի է, Թրամփի այս նախաձեռնությանը միացան նաև Հայաստանը և Ադրբեջանը: Հանդիսավոր արարողությանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նստել էին Դոնալդ Թրամփի կողքին։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ թեև TRIPP-ը բացվում է ՀՀ տարածքում, սակայն Դավոսում  ԱՄՆ նախագահը երկկողմ հանդիպում է ունեցել ոչ թե Փաշինյանի, այլ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Թրամփն ու Ալիևն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևը նշել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», այդ թվում՝ TRIPP նախագիծը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանային կապերի առումով։

Կարդացեք նաև

Դավոս մեկնած Իլհամ Ալիևը մի շարք ուշագրավ գործարքներ ևս կնքել է։ Հունվարի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է BlackRock-ի գործադիր տնօրեն Լարի Ֆինկի և Global Infrastructure Partners-ի հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն Ադեբայո Օգյունլեսիի հետ: Հանդիպման ընթացքում, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, կողմերը քննարկել են Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամի (SOFAZ) և BlackRock-ի միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև երկրի ենթակառուցվածքային ոլորտում հնարավոր ներդրումային հնարավորությունները: Հանդիպման հիմնական արդյունքը երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր, որը նախատեսում է SOFAZ-ի, BlackRock-ի և GIP-ի միջև ռազմավարական գործընկերություն և SOFAZ-ի կողմից կառավարվող ենթակառուցվածքային հիմնադրամներում և համատեղ ներդրումային նախագծերում երեք-չորս տարվա ընթացքում մինչև 1,5 միլիարդ դոլար ներդնելու հնարավորությունների ուսումնասիրություն:

Ի դեպ, այստեղ հարկ է տեղեկացնել՝ BlackRock-ը աշխարհի խոշորագույն ակտիվների կառավարիչներից մեկն է՝ կառավարման տակ գտնվող ավելի քան 9 տրիլիոն դոլարի ակտիվներով։ Ընկերությունը գործում է ներդրումային, ֆոնդային և ռիսկերի կառավարման ոլորտում՝ առաջարկելով ինստիտուցիոնալ և մասնավոր հաճախորդներին կապիտալի դիվերսիֆիկացման, երկարաժամկետ ներդրումների և կայուն զարգացման լուծումներ։ BlackRock-ն ակտիվորեն ներգրավված է համաշխարհային ֆինանսական շուկաներում։

Ադրբեջանական պետական Azertag-ը գրում է՝ BlackRock-ին և GIP-ին Ադրբեջանի հետ գործընկերությունն առաջարկում է հստակ առավելություններ: Ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերին մասնակցությունը հնարավորություն է տալիս ընդլայնել ներդրումային հորիզոնները տարածաշրջանի աճող շուկայում և ամրապնդել ընկերության դիրքերը՝ որպես հուսալի ինստիտուցիոնալ ներդրող, իսկ համատեղ նախագծերը հնարավորություն են տալիս արդյունավետ երկարաժամկետ ներդրումների կառավարում իրականացնել և ցուցադրել ընկերության ենթակառուցվածքային ֆոնդերի կառավարման ոլորտում համաշխարհային փորձի գործնական կիրառելիությունը:

Հայաստանյան փորձագիտաքաղաքական դաշտում արդեն կասկածներ կան, որ ինչ-որ մի պահի ԱՄՆ 76% բաժնեմասի ինչ-որ հատվածը կարող է ձեռք բերել  Ադրբեջանը։ Թեև ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին նշում էին, որ ամերիկյան բաժնեմասը չի կարող տրվել  կամ վաճառվել երրորդ կողմի առանց ՀՀ համաձայնության։ Այնուամենայնիվ, իրադարձության նման ընթացքը բացառելի չէ, հաշվի առնելով ավելի վաղ այս ենթակառուցվածքը ֆինանսավորելու և իրականացնելու հարցում Ադրբեջանի հայտնած պատրաստակամությունը։

Մեզ հետ զրույցում վրացի վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Հարավային Կովկաս կարևոր հանգրվան է ռեգիոնի համար,  որը հաճախ չէ ԱՄՆ բարձրաստիճան նման պաշտոնյաներ ընդունում։ Ըստ նրա, այս դեպքում այցը կրում է կոնկրետ բնույթ։ Փորձագետի կարծիքով, ԱՄՆ փոխնախագահը ռեգիոն է գալիս հստակորեն համաձայնեցված ծրագրով, հետևաբար՝ այստեղից հեռանալու է արդյունքներով։

«Դրանք, բնականաբար, վերաբերելու են  այն ճանապարհին, որը ստանում է ԱՄՆ նախագահի անվանումը։ Դրան առնչվող կարևոր փաստաթուղթ արդեն ստորագրվել է, կարծում եմ՝ փոխնախագահի այցի ընթացքում ևս կարևոր հանգրվան է ամրագրվելու։ Գուցե սկսի գործել արդեն հայ-ամերիկյան ընկերությունը կամ   ճանապարհի հետ կապված որոշ նախնական հանդիսավոր արարողություններ կազմակերպվեն։

Կարծում եմ՝ գլխավոր որոշումները կայացված են, ամերիկյան վարչակազմը բավականին ոգևորված է այս զարգացումներով, քանի որ ոչ միայն հաջողվել է կազմակերպել միջնորդություն, այլև տալ Թրամփի անունը կարևոր ենթակառուցվածքային ծրագրի, որը նաև որոշակի բիզնես տարրեր է պարունակում։ Ավելորդ է ասել, որ ինչպես իր անձը, այնպես էլ բիզնես ԱՄՆ նախագահը սիրում է։ Ինչպես տեսնում ենք ԱՄՆ ներկայիս վարչակազմի կառավարման հենց սկզբից, Թրամփի համար աշխարհաքաղաքականությունը պրակտիկ բիզնես է, առևտուր։ Իսկ այս պրոյեկտի մեջ մեկտեղվել են մի շարք հանգամանքներ, որոնք հետաքրքիր են Թրամփին»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ ռեգիոնում ԱՄՆ մասնակցությունը դրական է.

«Ցանկացած հարցում կարող են լինել ռիսկեր, որոնք պետք է չեզոքացնել։ Հայաստանում քննարկվում է ԱՄՆ ներգրավվածությունը ռեգիոնում և Իրանի ուղղությամբ առկա ռիսկերը, սակայն դրանք կառավարելի են հստակ քաղաքականության պարագայում»,- նշեց Մենաղարիշվիլին։

Նրա խոսքով, հանգամանքը, որ Թրամփը Դավոսում հանդիպել է ադրբեջանական կողմի հետ, սակայն հայկական կողմի հետ՝ ոչ, կարող է պայմանավորված լինել երկկողմ օրակարգով.

«Եթե կան օրակարգային ու հրատապ հարցեր, ապա հանդիպումներ կազմակերպվում են, սովորաբար նման դեպքերում նախընտրելի է, որ լինի հանդիպում նաև այլ կողմի հետ։ Սակայն, եթե չկա դրա անհրաժեշտությունը, ապա  պարտադիր չէ»,- նշեց նա՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքի վրա, որ ՀՀ ԱԳ նախարարը վերջերս է բանակցություններ ունեցել ԱՄՆ-ում պետքարտուղար Ռուբիոյի հետ։ Նրա կարծիքով, կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ը հետևի խաղաղության հաստատման այլ բաղադրիչներին ևս։ «Սակայն այս վարչակազմի քաղաքականությունը հանգում է կոնկրետ շահերի, որոնց ֆոնին շատ այլ կարևոր հարցեր ռեգիոնի համար կարող են անտեսվել։  Այս վարչակազմը Վրաստանին է անտեսում, այնպես է ստացվել, որ այսօր ռեգիոնում Վրաստանը հայտնվել է  անտեսված իրավիճակում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Դավոսում Թրամփն ունեցել էր միայն երկու հանդիպումը, մեկը՝ Ալիևի, մյուսը՝ Զելենսկիի հետ։

Տեսանյութեր

Լրահոս