Ադրբեջանական նավթադոլարների հայկական շահառուները

Արցախահայերի դեմ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող կեղտոտ հակաքարոզչությունն աստիճանաբար դառնում է բացահայտ։

Եթե դեռ ամիսներ առաջ դա կատարվում էր կիսամարգինալ, իշխանամերձ ֆեյքերի միջոցով, ապա այժմ դրանով զբաղված են իշխանական պատգամավորներն ու իշխանասպասարկ փորձագետները։ Այդ հակաքարոզչությունը կատարվում է ամենաստոր ու զազրելի ձևով, և դրա հիմքում, ինչպես բնորոշ է այս իշխանությանը, դրված է փողը։

Հակաարցախյան քարոզչական վերջին ալիքը ծավալվեց այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ստանձնում է Արցախի կառավարության, պետական հիմնադրամների, առանձին կազմակերպությունների՝ հայկական բանկերին ունեցած պարտքը, և հաջորդ տարի այդ նպատակով հատկացնելու է 225 միլիարդ դրամ։ Այս տեղեկության հիման վրա անմիջապես մշակվեց և բոլոր իշխանական խողովակներով շրջանառության մեջ դրվեց թեզը, որի քաղաքակիրթ ձևակերպումը մոտավորապես հետևյալն է. «Արցախահայերը չեն պաշտպանել իրենց հայրենիքը, զենքը հանձնել են Ադրբեջանին, բավական չէ, ՀՀ կառավարությունն էլ այդքանից հետո ստանձնում է Հայաստանի քաղաքացիների միջոցներով արցախահայերի պարտք մարելու բեռը»։

Այս թեզն անբարո է ոչ միայն այն պատճառով, որ հերթական տարանջատումն է մտցնում հայաստանաբնակ և արցախաբնակ՝ ՀՀ անձնագիր կրող քաղաքացիների միջև, և առաջիններին տրամադրում է արցախահայերի դեմ։ Բանն այն է, որ այդ 225 միլիարդ դրամը ՀՀ հարկատուների հաշվին փոխանցվելու է հայաստանյան բանկերին։ Այն նույն բանկերին, որոնք ոչ միայն վաշխառուական տոկոսներով վարկեր տրամադրելով՝ հարստահարում են նույն ՀՀ քաղաքացիներին, այլ նաև այդ իրավունքի դիմաց՝ չնչին բացառություններով, աջակցում են Արցախը հանձնած ու Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությանը և համարվում են նրա ֆինանսական հիմնական հենարանը։

Կարդացեք նաև

Այսինքն՝ իրականում ՀՀ քաղաքացիների միջոցներով իշխանությունը՝ «արցախահայերի պարտքային բեռը ստանձնելու» հուզիչ ձևակերպմամբ, վճարում է սեփական հենարանը հանդիսացող բանկային համակարգին, որպեսզի վերջինս շարունակի լոյալությունն ու անհրաժեշտ ծառայություններ մատուցի իշխանություններին։ Բայց քարոզչությունը հարկատուներին տրամադրում է ոչ թե բանկերի, այլ արցախահայերի դեմ։

Իրականում սա Արցախի, արցախահայերի դեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած ամոթալի քաղաքականության առանձին դրվագ է միայն։

Ավելի լայն համապատկերում՝ հակաարցախյան պայքարը շատ ավելի խորը, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան, արմատներ ունի։ Ադրբեջանը՝ նախ 2020 թ. պատերազմում հաղթել, ապա 2023–ի սեպտեմբերին՝ էթնիկ զտման սպառնալիքով հայաթափել է Արցախը և հաղթել է իր համար թշնամի համարվող արցախահայերին։ Բայց հիմա նրանց դեմ պայքարը շարունակվում է Երևանում՝ Հայաստանի իշխանության, նրանց հետ ասոցացվող շրջանակների կողմից։ Առաջին հայացքից հակաբանական, հակաբարոյական ու հակաազգային թվացող այս իրողությունն ունի իր բացատրությունը։ Ադրբեջանի համար Արցախն արտաքին թշնամի էր, որին հաղթելուց հետո արցախահայերը բռնագաղթել են Հայաստան՝ այստեղ դառնալով իշխանությունների ներքին թշնամին։ Առայժմ չի բարձրաձայնվում, բայց շատ պարզորոշ ակնարկվում է, որ նրանք խանգարում են Հայաստանին՝ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ և վայելել «խաղաղության պտուղները»։

Հայաստանի իշխանությունն իր համար արմատապես փոխել է թշնամու ընկալումը՝ արտաքին իրական թշնամուն հռչակելով՝ որպես «խաղաղության պարտնյոր», սեփական հայրենակիցների մի հատվածին՝ որպես ներքին թշնամի։ Եվ հիմա պայքարում է ներքին՝ մտացածին թշնամու դեմ՝ արտաքին իրական թշնամու հետ բարեկամանալու համար։

Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է հայտնի արտահայտության այլասերված տարբերակով՝ չկան մշտական թշնամիներ, կան մշտական շահեր։

Հ.Գ. Տասնամյակներ շարունակ Հայաստանն ու Արցախը պայքարել են ադրբեջանական նավթադոլարների միջոցով աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանամետ քարոզչությունը ֆինանսավորելու դեմ։

Այն ժամանակ շատերին թվում էր, թե այդ նավթադոլարները հոսել են միայն արևմտյան ու ռուսական փորձագիտական, լրագրողական շրջանակներ։ Կյանքը ցույց տվեց, որ դրանք՝ գուցե միջնորդավորված, հասել են նաև Հայաստան։

Ո՞ւմ, որքա՞ն, ի՞նչ խողովակներով է վճարվել՝ կարևոր է և գուցե երբևէ կբացահայտվի։ Բայց այս պահին շատ ավելի կարևոր է այդ քարոզչության դեմ հանրության դիմադրողականության բարձրացումը, որի ուղղությամբ քայլեր դեռևս չեն նշմարվում։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս