Քաղաքային իշխանությունը պարտավոր է շներին ու կատուներին իրար դեմ չհանել. Սոնա Աղեկյան

Երևանի «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները բոյոկտել և չեն մասնակցում ավագանու այսօրվա նիստին:  Քննարկվում է Երևանում ավտոկայանատեղիների վարձավճարները բարձրացնելու վերաբերյալ նախագիծը։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը քաղաքապետարանի մոտ հայտարարեց, որ բողոքի ակցիա են կազմակերպել, որպեսզի բոլորի ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրեն իշխող ուժի թալանչիական հակումների վրա։

«Ի՞նչ է նշանակում 12 հազար դրամ վճարը դարձնել 160 հազար դրամ, այն պարագայում, երբ չեն առաջարկել այլընտրանք։ Քաղաքացու գրպան մտնելով՝ սրանք ապահովում են իրենց բարձր աշխատավարձերը և պարգևավճարները»,- նշեց Սոնա Աղեկյանը։

Սոնա Աղեկյանի գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունների մեկնաբանությունները, թե դրանով փորձում են քաղաքի գերծանրաբեռնվածությունը թեթևացնել, արդարացում չէ, քանի որ քաղաքի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար նրանք ունեին շուրջ 6 տարի ժամանակ։

Կարդացեք նաև

Ավագանու ընդդիմադիր անդամը վստահ է, որ քաղաքացիների շահերից չի բխում այս ամենը։

«Այսօր արձանագրում ենք, որ չունենք հանրային տրանսպորտի լուծված խնդիր, չկա կանաչապատում, կանաչապատված տարածքները վերածվում են շինթույլտվությամբ տարածքի։ Երևանում օրեցօր մեծանում է թափառող կենդանիների թիվը, նրանք վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի համար։ Քաղաքային իշխանությունն ի պաշտոնե պարտավոր է այս խնդիրը լուծել և շներին ու կատուներին իրար դեմ չհանել ու չթշնամացնել»,- եզրափակեց Սոնա Աղեկյանը։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկան վարձավճարը՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս